«Այսօրվա իշխանությունների ծրագրերում նշված է, որ խաղաղությունը երաշխիք է անվտանգության, բայց խաղաղությունն ազգային անվտանգության արժեք է, երաշխիք չի կարող լինել»,- «Բեկում» խորագրով համաերիտասարդական ֆորումին ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։
Նա նշեց, որ 30 տարվա ընթացքում ստեղծվել էր անվտանգային կուռ համակարգ, որի հիմքում հենված են եղել Հայաստանն ու Արցախը, կարողանում էին կայուն զարգանալ։
«Արցախը սահմանապահն էր ամբողջ հայկական լեռնաշխարհի, բայց այսօր, այս իշխանությունների գործունեության ընթացքում Արցախը հայտնվել է անկլավային վիճակում»,- ասաց Սեյրան Օհանյանը՝ հավելելով, որ Հայաստանի այսօրվա իշխանությունները փորձում են ձեռքերը լվանալ, մինչդեռ իրենց գործունեությամբ է տապալվել ողջ բանակցային գործընթացը, իրենց գործունեությամբ երկիրը մտցրել են պատերազմի մեջ, պատերազմի ժամանակ ոչինչ չեն արել, որ մենք ունենանք հաջողությունները, իսկ բանակն ունցել է բոլոր նախապայմանները հաջողություններ ունենալու համար։
Նրա խոսքով, այսօր այլ իրավիճակ է ստեղծված, աշխարհագրական դիրքը, սահմանային, պաշտպանական համակարգի դասավորվածությունը զգալի մեծացրել է մեր առջև դրված խնդիրները հատկապես այն պայմաններում, որ հայկական բանակն արդեն որոշակի առումով կորցրել է իր մարտունակությունը։
Ըստ Սեյրան Օհանյանի միասնության շնորհիվ են տարիներ ի վեր հասել հաղթանակի, սակայն այդ միասնության գաղափարը 2018 թվականից հետո ջարդվել է։
«Հայաստանի այսօրվա իշխանությունները ճիշտ չեն կարողանում գնահատել այն ռազմաքաղաքական իրավիճակը, ստեղծված անվտանգության միջավայրը, արտաքին ու ներքին մարտահրավերները»,- նշեց օրվա բանախոսը
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը