Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված և հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը գնահատելու նպատակով փետրվարի 17-19-ը Հայաստան կատարած այցից հետո Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Հայաստանի մոնիտորինգի համազեկուցողներ Կիմմո Կիլյունենը (Ֆինլանդիա) և Բորիանա Օբերգը (Շվեդիա) հանդես են եկել հայտարարությամբ:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ԵԽԽՎ-ի կայքէջը, համազեկոցողները ընդգծել են, որ իրավիճակը Լաչինի միջանցքում պահանջում է անհապաղ գործողություններ։
«Այսօրվա դրությամբ Լեռնային Ղարաբաղի բնակիչները չեն կարող ազատ դուրս գալ այնտեղից, և, ինչպես մեզ տեղեկացրել են, 954 մարդ դեռ մնացել է միջանցքի երկու կողմերում։ Այս միջանցքով թույլատրվում է տեղաշարժվել միայն Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների մեքենաներին, ինչն ակնհայտորեն բավարար չէ բնակչության կարիքները բավարարելու համար։
Ավելին, կենսական նշանակություն ունի, որ ապրանքները ժամանակին առաքվեն ցանքի սեզոնին։ Բոլոր տրանսպորտային միջոցների ազատ երթևեկությունը պետք է շտապ վերականգնվի ՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության»- նշել են համազեկուցողները։
Բացի այդ, ըստ ԵԽԽՎ համազեկուցողների, Լեռնային Ղարաբաղի գազամատակարարման և էլեկտրամատակարարման բազմակի ընդհատումները հանգեցրել են բնակիչների իրավունքների լուրջ խախտումների. բազմաթիվ մարդիկ արդեն կորցրել են աշխատանքը, իսկ երեխաները զրկված են կրթությունից, քանի որ դպրոցները ստիպված են եղել փակել ։
«Հիշեցնում ենք Ադրբեջանի հարցով համազեկուցողների հետ 2022 թվականի դեկտեմբերի 16-ի մեր համատեղ հայտարարությունը, որում կոչ էր արվում վերականգնել Լաչինի միջանցքով տեղաշարժվելու ազատությունը, և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2022 թվականի դեկտեմբերի 21-ի որոշումը, որով կոչ էր արվում Ադրբեջանի իշխանություններին ձեռնարկել բոլոր միջոցները «Լաչինի միջանցքով» անվտանգ երթևեկությունն ապահովելու համար, մասնավորապես՝ «բժշկական օգնության կարիք ունեցող ծանր հիվանդ մարդկանց և ճանապարհին դժվար կացության մեջ հայտնված այլ մարդկանց»։ Մենք նաև ի գիտություն ենք ընդունում Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի որոշումը, որում նշվում է, որ «Ադրբեջանը պետք է ձեռնարկի իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները ՝ ապահովելու մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժը Լաչինի միջանցքով երկու ուղղություններով»։ Մենք հրավիրում ենք Վեհաժողովի բոլոր անդամներին այս իրավիճակը հասցնել իրենց համապատասխան ազգային խորհրդարանների ուշադրությանը և միանալ Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը անհապաղ դադարեցնելու մեր կոչին»,- նշում են համազեկուցողները։
Ինչ վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակին, ԵԽԽՎ համազեկուցողները ուսումնասիրել են Ջերմուկ քաղաքում և Սոթք գյուղում քաղաքացիական ենթակառուցվածքների վրա ադրբեջանական զորքերի հարձակումների հետևանքները։
«Արձանագրեցինք, որ քաղաքացիական գոտիներում կասետային զինամթերքի կիրառման ապացույցները հավաքվել և պահպանվել են հետագա փորձաքննության համար։ Մեզ ցույց տվեցին ադրբեջանական ռազմական դիրքերի առկայությունը Հայաստանի ինքնիշխան տարածքում, երբեմն վիճելի սահմանագծից շատ հեռու»,- նշել են ԵԽԽՎ համազեկուցողները։
Նրանք բարձր են գնահատում սահմանին Եվրամիության քաղաքացիական առաքելության ծավալումը ՝ նշելով նախորդ առաքելության զգալի շոշափելի արդյունքները լարվածության նվազեցման գործում։
«Մենք կոչ ենք անում երկու կողմերին առաջ մղել սահմանի սահմանազատման շուրջ քննարկումները և պայմանավորվել սահմանից զորքերի հայելային հետքաշման մասին ՝ որպես վստահության ամրապնդման անհապաղ քայլ։ Մենք մեր եզրակացությունների մասին կհայտնենք ԵԽԽՎ մոնիտորինգի կոմիտեին՝ նրա հաջորդ նիստում։ Մենք նախկինի պես խիստ ուշադիր ենք վերաբերվում ապագա իրադարձություններին և վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը խորհրդարանական մակարդակով ցուցաբերել այն ողջ քաղաքական աջակցությունը, որն անհրաժեշտ է երկարաժամկետ խաղաղ կարգավորման հասնելու համար»,- եզրափակել են ԵԽԽՎ համազեկուցողները։
Համազեկուցողներն իրենց այցի ընթացքում այցելել են Ջերմուկ, Գորիս և Վարդենիս քաղաքներ և հարակից տարածքներ, ինչպես նաև Լաչինի միջանցքի մուտքը հայկական կողմից: Նրանք հանդիպել են Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակման պատճառով Գորիսում արգելափակված տեղի պաշտոնյաների և Լեռնային Ղարաբաղի բնակիչների հետ ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը