«Մենք խայտառակ ձևով պարտվել ենք պատերազմը, որովհետև այն վարել ենք շատ վատ: 1994-ի զինադադարից հետո մինչև 2018-ը, հարաբերական անդորր ու խաղաղություն էր հայ-ադրբեջանական սահմանագծում, և դա պահպանվել է երկու գործոնների շնորհիվ՝ կայուն դիվանագիտական գործընթաց և ռազմական հավասարակշռություն: Այդպես է եղել 1-ին, երկրորդ, երրորդ նախագահների ժամանակ:
Ես լավ հիշում եմ երկրորդ նախագահի իշխանության ժամանակ, երբ ես ԱԳ նախարարն էի, ամեն անգամ, երբ դիվանագիտական դատարկություն էր ստացվում, երբ Ադրբեջանը հերթական անգամ մերժում էր Մինսկի խմբի առաջարկությունը, միանգամից հանձնարարական էր տրվում, որ մեր ամբողջ դիվանագիտական ջանքերը դնենք մեջտեղ բերելու մի նոր առաջարկություն, չթողնել բանակցային վակուում ստեղծվի, որն իր մեջ վտանգ է պարունակում:
Ես լավ հիշում եմ Անվտանգության խորհրդի հանդիպումները, երբ զեկուցվում էր նախագահին, որ ինչ-որ մի դիրքում ադրբեջանական կողմը 100 մետր առաջ է եկել, անպայման հանձնարարություն էր տրվում չեզոքացնել․ կա՛մ պարտադրել, որ հետ վերադառնան իրենց նախնական դիրքերը, կա՛մ հայկական դիրքերն այնպես տեղաշարժվեն, որ դա կոմպենսացվի»,- Երևանում տեղի ունեցող՝ արցախյան շարժման վերաբերյալ քննարկման ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը։
Նա ասաց, որ երկրորդ նախագահի կառավարման տարիներին երբ ադրբեջանը զինատեսակ էր ձեռք բերում, որ մենք չունեինք, Հայաստանն անպայման ձեռք էր բերում։
Վարդան Օսկանյանի ելույթը՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը