Ադրբեջանի կողմից Արցախի լիակատար շրջափակումից ի վեր՝ 272 գրություն եմ ուղարկել միջազգային բոլոր գործընկերներիս, ահազանգել Արցախում հումանիտար աղետի ծանրագույն պայմանների մասին, կոչ արել Ադրբեջանի դեմ կիրառել գործուն քայլեր, այդ թվում՝ սանկցիաներ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը:
«272 գրություններ միջազգային գործընկերներիս, Արցախի շրջափակման 60-րդ օր, իր հիմնարար իրավունքներից զրկված, բայց և անկոտրուն 120 000 հայ և քաղաքակիրթ հանրության թողտվությամբ օրեցօր ագրեսիվ դարձող թշնամի Ադրբեջան…
Ադրբեջանի կողմից Արցախի լիակատար շրջափակումից ի վեր՝ 272 գրություն եմ ուղարկել միջազգային բոլոր գործընկերներիս, ահազանգել Արցախում հումանիտար աղետի ծանրագույն պայմանների մասին, կոչ արել Ադրբեջանի դեմ կիրառել գործուն քայլեր, այդ թվում՝ սանկցիաներ:
Ադրբեջանի կառավարության գործակալները ահաբեկչական գործողություններով շրջափակման պայմաններում պատանդ են պահում Արցախի 120 000 բնակչությանը (ներառյալ՝ շուրջ 30 000 երեխա, 20 000 տարեց, 9000 հաշմանդամություն ունեցող անձ):
Արցախը զրկված է սննդամթերքի, մանկական կերերի ու կաթնախառնուրդների, դեղորայքի անհրաժեշտ մատակարարումից:
Ցուրտ ձմռան պայմաններում չկա գազ, բավարար էլեկտրաէներգիա և դիզվառելիք:
Կաթվածահար է բժշկությունը. 610 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից: 9 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման, 7 չափահաս բուժառու` վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 3-ը ծայրահեղ ծանր վիճակում է։
Երեխաներն ու երիտասարդները զրկված են կրթության իրավունքից. փակվել են մի շարք ուսումնական հաստատություններ և մանկապարտեզներ:
Ստեղծված տնտեսական բարդ իրավիճակի պատճառով առնվազն 5100 մարդ կորցրել է աշխատանքը և եկամտի աղբյուրը:
Բաժանված են հարյուրավոր ընտանիքներ. 300-ից ավելի երեխաներ զրկված են իրենց ծնողների հետ անմիջական կապից:
Երևանի դիահերձարաններում ավելի քան մեկ տասնյակ մարմիններ կան, որոնք շրջափակման պատճառով հնարավոր չէ հասցնել Արցախ:
Խնդիրները գնալով միայն ավելանում են, անհրաժեշտ է օր առաջ կանգնեցնել Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը