Փաստաբան Նորայր Նորիկյանը, ով հանդիսանում է Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զորանոցում բռնկված հրդեհից զոհվածների ծնողներից 13-ի լիազոր ներկայացուցիչը, հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց, որ տուժողների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել իրականացնել սեփական հետաքննությունը։
«Վարույթ իրականացնող մարմնի հետ տառացիորեն երեկ ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ փետրվարի 10-ից սկսվելու են տուժողների հարցաքննությունները։ Որպես տուժողների պաշտոնական ներկայացուցիչ այսօր կամ վաղը գրավոր դիմում եմ գրելու Պաշտպանության նախարարին և զինվորական դատախազին՝ պահանջելով, որ միասին կամ առանձին հանդիպում ունենան տուժողների հետ և ներկայացնեն համապատսխան հաշվետվություններ և պարզաբանումներ»,- ասաց նա։
Նորիկյանը ներկայացրեց տուժողների ընդհանուր գնահատականը՝ տեղի ունեցած դեպքի վերաբերյալ։
«Համոզում կա, որ այս ողբերգությունը ԶՈՒ-ում կադրային սխալ քաղաքականության, ռազմավարական ու հայեցակարգային մտածողության բացակայության, արժեհամակարգային ճգնաժամի, ոչ կանոնադրական հարաբերությունների առկայության պահանման, պրոֆեսիոնալիզմի ու պատասխանատվության բացակայության, անտերության հետևանք է։ Այն պետք է հասարակության համար դառնա համբերության վերջին կաթիլը, մեր բանակը պետք է դադարի դառնալ մահվան բանակ։ Զոհված զինծառայողների ծնողները չեն հավատում պաշտոնական վարկածին, չեն վստահում պետական իրավասու մարմինների կողմից արտահայտված որոշակի դիրքորոշումներին։ Մտահոգություն ունենք, որ ծածկադմփոց անելու փորձ է լինելու, ծնողները համոզված են, որ իրենց երեխաները հրդեհից առաջ արդեն կենդանի չեն եղել կամ առնվազն անգիտակից են եղել, իսկ բուն հրդեհը ինչ-որ հետքեր թաքցնելու կամ հասարակության ուշադրությունը հրդեհի միջոցով շեղելու նպատակ է հետապնդում»,- ասաց Նորիկյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը