18 01 2023

Հունվարի 15-ին ռուսական կողմի միջնորդությամբ կազմակերպվել է հաղորդակցություն ադրբեջանական կողմի հետ. Արցախի նախագահ

Հունվարի 15-ին ռուսական կողմի միջնորդությամբ կազմակերպվել է հաղորդակցություն ադրբեջանական կողմի հետ. Արցախի նախագահ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ հունվարի 18-ին անց է կացվել Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ, որին մասնակցել են նաև Ազգային ժողովի քաղաքական ուժերի ներկայացուցիչները:

Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ նիստում ներկայացվել են Ադրբեջանի կողմից Ստեփանակերտ-Գորիս մայրուղու արգելափակման պատճառով Արցախում արդեն 38 օր տևող հումանիտար ճգնաժամի հետևանքները, քննարկվել են դրանց հաղթահարման մեխանիզմները։

ԱՀ նախագահը տեղեկացրել է, որ հունվարի 15-ին ռուսական կողմի միջնորդությամբ կազմակերպվել է հաղորդակցություն ադրբեջանական կողմի հետ՝ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման նպատակով: Արցախը արտաքին աշխարհի հետ կապող միակ մայրուղու վերաբացման ուղղությամբ որևէ առաջընթաց չի արձանագրվել: Դրա փոխարեն, հունվարի 17-ին գազամատակարարման խաթարման հետևանքով ստեղծվել են նոր լրջագույն խնդիրներ:

ԱՀ ԱԽ նիստում ընդգծվել է սոցիալ-տնտեսական ոլորտում իրականացվող քայլերը ճգնաժամային իրավիճակին համապատասխանեցնելու անհրաժեշտությունը։ Լիազոր պետական կառույցների ղեկավարներին Հանրապետության նախագահը տվել է հանձնարարականներ։

Օպերատիվ շտաբի պետ, պետական նախարար Ռուբեն Վարդանյանն առաջիկայում կներկայացնի շրջափակման պայմաններում բնակչության կենսագործունեության հետագա ապահովման, հումանիտար ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ կոնկրետ առաջարկներ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ