17 01 2023

Այլընտրանք չկա. Արցախը չի կարող լինել, գոյատևել Ադրբեջանի կազմում. Թադևոս Ավետիսյան



2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով իրենց հայրենի բնակավայրերից արդեն իսկ տեղահանվել են Արցախի Հանրապետության տասնյակ հազարավոր քաղաքացիներ։ Մարդակեր Ալիևի ռեժիմը շարունակում է Արցախի հայաթափման քաղաքականությունը՝ հիմա էլ փափուկ ուժի գործադրմամբ և ռազմական ներխուժման բացահայտ սպառնալիքներով։ Այս մասին հայտարարությունների ժամին իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը: Ներկայացնում ենք նրա ելույթն ամբողջությամբ:

«Արդեն 38 օր փակ է Բերձորի միջանցքը՝ Արցախը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը։ Շրջափակման մեջ են հայտնվել Արցախի Հանրապետության 120 հազար փաստացի բնակչությունը, այդ թվում՝ շուրջ 30 հազար երեխաները։

Թուրք-ադրբեջանական տանդեմի իրական նպատակը պարզ է։ Դրա մասին հայտարարում են բացահայտ, առանց վարանելու։

Ծրագրված կերպով այս փուլում ցանկանում են՝

  • Արցախը կտրել արտաքին աշխարհից,
  • կազմաքանդել պետական կառավարման համակարգը,
  • անդառնալի և կործանարար հարված հասցնել տնտեսությանը, նյութական արժեքներ ստեղծելու կայուն հիմքերին,
  • ստեղծել հումանիտար աղետ՝ իր բոլոր անմարդկային դրսևորումներով,
  • վերջապես՝ այս ճանապարհով հայաթափել Արցախը։

Այսպիսով, ակնհայտ է դառնում, որ խախտված են արցախահայության հիմնարար բոլոր իրավունքները։ Խաթարված են գոյատևման և սեփական հայրենիքում ապրելու հնարավորությունները։

Եվ սա արվում է մեկ իրական նպատակով՝ ցեխասպանություն և հայրենազրկում։

Ակնհայտ է նաև․ այս իրավիճակում միջազգային դերակատարները գերադասում են ադրբեջանական նավթն ու գազը՝ արցախցու կյանքից։

Ակնհայտ է նաև․ Հայաստանի գործող իշխանությունը առաջնորդվում է սեփական աթոռն ամեն գնով պահելու իր բացառիկ շահով, ինչը սկզբունքորեն հակասում է հայ ժողովրդի ազգային շահերին, հայրենիք ունենալու և արժանապատիվ ապրելու մեր բոլոր ձգտումներին։

Այլընտրանք չկա։ Արցախը չի կարող լինել, գոյատևել Ադրբեջանի կազմում։

Հայրենազրկման կործանարար այս ընթացքը բեկելու միակ ճանապարհը համահայկական համախմբումն է, յուրաքանչյուր հայ մարդու ներուժի հավաքական գործադրումը Արցախում, Հայաստանում և սփյուռքի մեր բոլոր գաղթօջախներում։

Համախմբում, միասնական դիմադրություն, պայքար մինչև հաղթանակ և արժանապատիվ խաղաղություն»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ