26 12 2022

Առաջարկում եմ հայտարարել Հ1-ի եթերի բոյկոտման մասին․ Այդ եթերը կոնկրետ շահ է սպասարկում․ Վահե Հովհաննիսյան

Առաջարկում եմ հայտարարել Հ1-ի եթերի բոյկոտման մասին․ Այդ եթերը կոնկրետ շահ է սպասարկում․ Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանն իր հոդվածում գրում է.

«Ադրբեջանական մամուլի՝ երեկվա երկու հիմնական թեմաներն էին.

1.    «Հայաստանի հանրային հեռուստատեսությունն ամբողջովին անտեսել է Ստեփանակերտի հանրահավաքը»
2.    ՀՀ վարչապետի տիկինը հայտարարել է, թե Արցախում ստիպում են երեխաներին մասնակցել ակցիաների` «բացեք Լաչինի միջանցքը» պաստառներով։

Հայկական կողմում

Արցախում արժանապատվության հանրահավաք էր՝ իր մասշտաբով,  լիդերությամբ, բովանդակությամբ՝ բավական  ծանրակշիռ։

Հայաստանում՝ անհատական աջակցություն, մտահոգ գործիչների պոռթկում և արդեն սովորական դարձած` ինստիտուցիոնալ ընդդիմության լռություն, բացակայություն։

Վստահ եմ` բոլորս անընդհատ քննարկում ենք նույն հարցը. ի՞նչ անել, ինչպե՞ս փոխել մթնոլորտը երկրում։

Պետք է սկսել գործել, թեկուզ՝ փոքր քայլերով, բայց գործել։ Առաջարկում եմ.

1.    Մեծ խումբ քաղաքական, հանրային դեմքերի՝ հայտարարել Հ1-ի եթերի բոյկոտման մասին։ Բոլորս էլ տեսնում ենք, որ այդ եթերը կոնկրետ շահ է սպասարկում, ակնհայտ հակապետական գիծ՝ իր մշտական  հյուրերով (խոսքը վերաբերում է բացառապես քաղաքական և լրատվական բլոկին)։ Իսկ նրա եթերում մեկումեջ հայտնվում են միայն «ընտրյալ ընդդիմադիրները»` փչացվելու և այլ նպատակներով։ Պետք է հանդես գալ միասնական որոշմամբ, հայտարարել հանրայինի բոյկոտի մասին՝ «Հ1 չենք գնում, Հ1 չենք նայում»։ Սա ուղերձ կլինի հասարակությանը, որ իշխանության դիմաց  «լռություն-բացակայություն» չէ, և սա նաև ուղիղ աջակցություն կլինի Արցախի մեր հայրենակիցներին. Արցախն ամեն րոպե մեր մտքում է, մեր կյանքերը նույնն են, և Արցախն անտեսողը մերժվում է։

Հաջորդ քայլով՝ ժամանակն է անհատական էմոցիոնալ և պրագմատիկ մտահոգությունը վերածել քաղաքական պրոցեսի։ Բոլոր մտածող և մտահոգ մարդիկ թիմակիցներ են, անկախ՝ բոլոր տարբերություններից։ Ուրեմն պետք է ստեղծել այդ թիմը։ Քանի դեռ իշխանության դիմաց գրագետ-հաշվարկված և հասարակության հետ բաց խոսող քաղաքական պրոցես չկա, աղետներն անխուսափելի են»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ