Անտարբերությունը քանդել ու քանդում է մեր տունը, շատերին թվում է, թե Երևանում ավելի պաշտպանված են, քան Արցախում կամ Սյունիքում։ Այս մասին ասվում է «Որդիների Կանչ» սոցիալ-հայրենասիրական կազմակերպության տարածած հայտարարությունում:
«Մեկ շաբաթից ավել է, ինչ Արցախը շրջափակված է։ Բերձորի կյանքի ճանապարհը փակված է կեղծ օրակարգով՝ կեղծ բնապահպանների կողմից։ Նրանց իրական նպատակները հասկանալը մեծ ջանքեր չի պահանջում՝ հայաթափել Արցախը և անցնել Հայաստանին։
Արցախի հողում մարտնչած և այդ հողի համար կյանք տված ՀԵՐՈՍՆԵՐԻ բազմաթիվ ծնողներով մեծ ոգևորություն ենք ապրում, երբ տեսնում ենք Արցախի մեր եղբայրների ու քույրերի միասնականությունը և մինչև վերջ պայքարելու կամքը։
Միևնույն ժամանակ, ի՞նչ ենք տեսնում Հայաստանում և, մասնավորապես, Երևանում. ապազգային ու թուրքասեր իշխանությունների լռություն, ինչ-որ տեղ նաև՝ չարախնդում։ Նման անպատվաբեր դիրքորոշումը մեզ ամենևին էլ չի զարմանցում, երկիրը դավաճանական պարտության տարածներից այլ վարք մենք չէինք էլ սպասում։
Իսկ ի՞նչ դիրքորոշում է դրսևորում մեր ժողովուրդը, երբ տասնյակ հազարավոր հայ մանուկներ ամեն վայրկյան կարող են դառնալ թուրքական հերթական հակամարդկային ոճիրի զոհը։
Անտարբերությունը քանդել ու քանդում է մեր տունը, շատերին թվում է, թե Երևանում ավելի պաշտպանված են, քան Արցախում կամ Սյունիքում։ Շատերը կարծում են, որ հանձնելով Արցախը կամ Սյունիքը կարող են փրկել իրենց անպատիվ կյանքերը։
Եթե ստահակների իշխանության, դրանց աջակիցների և անտարբերների վարքագիծը զարմանալի չէ, ապա տարակուսանք է առաջացնում մեր այն հարյուր֊հազարավոր հայրենակիցների դիրքորոշումը, որոնք ունեն ազգային արժեհամակարգ և բազմիցս ցուցադրել են, որ համաձայն չեն այս իշխանությունների ապազգային և դավաճանական օրակարգերի հետ։
Ընկճվածության և հավատի կորստի ֆոնի վրա թրքասեր իշխանությունը տոնում է հերթական հաղթանակը մեր նկատմամբ՝ բաժանելով հասարակությանը շերտերի։ Չկա կազմակերպվածություն, չկան առաջնորդող ուժեր։ Նման պահվածքը բացարձակապես ընդունելի չէ։
Կոչ ենք անում սթափվել և անմիջապես լծվել պայքարի։ Օրակարգը նույնն է՝ հաղթանակ ներքին և արտաքին թուրքերի նկատմամբ։
Մեր կողմից ևս մեկ անգամ աջակցություն ենք հայտնում Արցախի մեր հայրենակիցներին՝ մինչև վերջ ձեր կողքին ենք, մեզ պարտադրում է նաև մեր որդիների արյան կանչը։
Մեր պայքարն արդար է ու հաղթականը մերն է լինելու»,- ասվում է հայտարարությունում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը