Արդեն չորրորդ օրն է՝ Ադրբեջանը «հուզական» և ուշադրության գրավման համար հետաքրքրական՝ բնապահպանական կեղծ թեմաներով համեմված օրակարգով շրջափակման մեջ է պահում Արցախի 120.000 բնակչությանը՝ այդ կերպ արցախահայությանը կանգնեցնելով հումանիտար աղետի առջև:
Այս մասին իր տարածած հայտարարության մեջ նշել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։
Բայց ինչպես տեսնում ենք, արցախցին ծնկի չի եկել և արժանապատվորեն հաղթահարում է 21-րդ դարին անհամատեղելի ու քաղաքակիրթ մարդու համար գրեթե աներևակայելի մերօրյա գործընթացներն ու դրանցից ծնվող դժվարությունները, տառապանքները, հումանիտար հետևանքները:
Այս կապակցությամբ Արցախի Հանրապետության ժողովրդի անունից հայտարարում եմ՝
Արցախի ժողովուրդը բաց է ցանկացած հարցի, խնդրի քննարկման, ազատ երկխոսության համար, տրամադրված է կառուցելու և ակնկալում է փոխադարձ իրավունքների հարգանքի հիման վրա ձևավորված կառուցողական հարաբերություններ.
Մենք անընդունելի ենք համարում պարտադրանքի, հարկադրանքի, ուժի ցուցադրման ու կիրառման սպառնալիքի գործադրումը և կոչ ենք անում վերջնականապես հրաժարվել արցախյան ազատագրական պայքարի մեկնարկի պատճառ դարձած և Ադրբեջանի պետական քաղաքականության անբաժանելի մաս հանդիսացող՝ Արցախը հայաթափելու գաղափարից: Միայն այդ դեպքում է խաղաղության հասնելու կամքը լինելու գնահատելի, իսկ խաղաղությունը՝ անկեղծ, իրական ու շոշափելի.
Արցախի ժողովուրդը ընդունել է իր իրավունքների դեմ ուղղված ոտնձգությանը դիմակայելու և մեզ հասցված ֆիզիկական զրկանքները արժանապատվորեն կրելու որոշում՝ այդ կերպ չեզոքացնելով Մայր Հայաստանին զիջումներ պարտադրելու բոլոր հնարավոր փորձերը, որոշման կայացումը կաշկանդող պայմանները.
Մեր երախտագիտությունն ենք հայտնում Հայաստանի Հանրապետությանը և սփյուռքի մեր այն հայրենակիցներին, ովքեր Արցախի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ այս օրերին կատարվող ոճրագործության մասին բարձրաձայնում և իրազեկում են միջազգային հանրությանը, նախաձեռնում իրավական գործընթացներ, պարզապես քաջալերում և գոտեպնդում են արցախցուն.
Մեր երախտագիտությունն ենք հայտնում ռուս խաղաղապահներին՝ իրենց առաքելությանը հավատարիմ մնալու համար: Օրեր շարունակ խաղաղապահները, առանց տեղացող սադրանքներին, ցուցադրական վիրավորանքներին ու արհամարհական վերաբերմունքին տուրք տալու հաստատակամ ու անսասան կեցվածքով կանգնած են Արցախի ժողովրդի կողքին:
Մենք բարձր ենք գնահատում խաղաղապահների գիտակցված քայլերը՝ ուղղված մեր ժողովրդի հումանիտար խնդիրները մեղմելուն, շարունակելու ենք մեր պայքարը և երբեք չենք լինելու Ռուսաստանի Դաշնության վրա ճնշում գործադրելու կամ նրա հեղինակությանը վնաս հասցնելու գործիք, քանզի վստահ ենք, որ Ռուսաստանի Դաշնությունում առկա է խնդիրները դիվանագիտորեն և երկխոսության ճանապարհով հանգուցալուծելու անբեկանելի կամք:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը