Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Լավ, որքա՞ն կարելի է մոլորեցնել հանրությանը, նրան պարտադրել սեփական պարտվողականությունն ու դիվանագիտական իմպոտենտությունը։
Մինչ Ֆրանսիայի Սենատը գրեթե միաձայնությամբ բանաձև է ընդունում՝ վերահաստատելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտությունը, մինչ մի շատ երկրներ դատապարտում են Ադրբեջանի ագրեասիան, մինչ ԱՄՆ որոշ կոնգրեսականներ բարձրաձայնում են Ադրբեջանին ռազմական հանցագործությունների պատասխանատվության ենթարկելու անխուսափելիության մասին, նփ-ն շրջանառության մեջ է նետում նոր «շրջանակային համաձայնագիր» ձևակերպումը։ Ի դեպ, սրան զուգահեռ, օդ թողնելու քարոզչական տրյուկով,, ներքին լսարանի առջև երկու օր շարունակ խոսում է Ադրբեջանի ցեղասպանական նկրտումների մասին։
Այսօր փոխարտգործնախար Պարույր Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով «շրջանակային համաձայնագրի» էությունը, բացահայտում է, որ այն սկզբունքների հավաքածու է, կառուցված Ալմա -Աթիի հռչակագրի, ՄԱԿ-ի փաստաթղթերի վրա, և այն ներառում է Լեռնային Ղարաբաղի հայ ազգաբնակչության ապրելու իրավունքը, մշակութային հարցերը։ Եվ ոչ մի խոսք ինքնորոշման իրավունքի մասին։
Ըստ էության նփ-ի հանգույն, նա էլ է փորձում հանրությանը ներշնչել, թե նախկիններն այս հռչակագրով կանխորոշել են Արցախի ճակատագիրը՝ ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։
Դժվար թե, ԱԳՆ-ում չեն տիրապետում սույն Հռչակագրի տեքստին, դժվար թե ՄԱԿ-ի փաստաթղթերին հղում կատարելիս, իրազեկ չեն ՄԱԿ-ի կանոնադրությանն ու հիմնարար սկզբունքներին, ուր ազգերի ինքնորոշման իրավունքը դեռ ոչ ոք չի դենոնսացրել։
Դժվար, թե տեղյակ չեք նաև, որ Ալմա-Աթիի հռչակագիրը Հայաստանը վավերացրել է վերապահություններով, իսկ Ադրբեջանն իրեն խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդ չի համարում։
Ահա Հռչակագրի այն հատվածը/հաստատումները/, ուր ամրագրված է ինքնորոշման իրավունքը և այլ սկզբունքներ, որոնց վրա կառուցում են իրենց հարաբերությունները տվյալ Հռչակագիրը ստորագրած երկրները․
« ․․․ձգտելով կառուցել ժողովրդավարական, իրավական պետություններ, որոնց միջև հարաբերությունները կզարգանան պետական ինքնիշխանության ու ինքնիշխան հավասարության փոխադարձ ճանաչման և հարգման, ինքնորոշման անքակտելի իրավունքի, միմյանց ներքին գործերին չմիջամտելու և իրավահավասարության սկզբունքների ուժի գործադրումից և ուժով սպառնալիքից, տնտեսական և ճնշման ցանկացած այլ մեթոդից հրաժարվելու, վեճերի խաղաղ կարգավորման, մարդու իրավունքների և ազատությունների հարգման, ներառյալ ազգային փոքրամասնությունների իրավունքները, միջազգային իրավունքի նորմերի ու հանրաճանաչ այլ սկզբունքների ու պարտավորությունների բարեխիղճ կատարման հիման վրա․․․»
Ի վերջո, տասնյակ հայանպաստ փաստաթղթերից, միջազգային նորմերից ինչու՞ եք ընտրում ամենաթրքամետը, ամենախոցելին, ցեղասպանականը․․․
Դուք կամ պետություն ունենալու կամք ու կարողություն չունեք, կամ էլ ծառայում եք թշնամուն։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը