Շատ կարևոր է արձանագրել մի կարևոր նրբություն. Եթե Ադրբեջանն ասում է, որ Հայաստանը և Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչել են 1991-ի սահմանը և հետևություն է անում, որ դրանով Արցախի հարցը փակված է, դրանից առաջ մի հարց պետք է տալ, եթե 1991-ի սահմանը փոխադարձաբար ճանաչված է, ի՞նչ են անում ձեր զորքերը, օրինակ, Վերին Շորժայի, Ջերմուկի մոտակայքում, Սև լճի հարավային ափի մոտակայքում և այլն: Ձեր զորքերը պետք է վաղուց դուրս եկած լինեին, կամ առնվազն Պրահայի հանդիպումից անմիջապես հետո: Այս մասին Հանրային Հեռուստաընկերության հետ հարցազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք արել ենք նույն առաջարկը, որն արել ենք 2021-ին, այս անգամ ավելի մանրամասն, որ եթե ընդունում ենք 1991-ի սահմանագիծը, ուրեմն պետք է փոխադարձաբար մեր զորքերը հետ տանենք այդ սահմանագծից: Այսինքն այդ գծից այն կողմ ՀՀ-ն զորք պետք է չունենա, իսկ գծից այս կողմ Ադրբեջանը պետք է զորք չունենա: Մենք առաջարկում ենք 3 կմ-անոց դեմիլիտարիզացված գոտի ստեղծել: Դա նշանակում է, որ բանակի ստորաբաժանումները պետք է այդ գոտուց դուրս բերվեն, իսկ այդ մասին պահպանությունը հանձնվի սահմանապահ զորքերին Հայաստանի և Ադրբեջանի կողմից: Իհարկե, այդտեղ որոշակի տեխնիկական բնույթի առաջարկներ կան, թե ինչպես ստեղծել այդ ապառազմականացված գոտին, որ մարդկանց բնականոն կյանքը չխաթարվի, մյուս կողմից անվտանգության սպառնալիքներ չստեղծվեն»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը