11 11 2022

Ես ոչ մի խնդիր չունեմ որևէ երթուղու հետ․ Փաշինյան

Ես ոչ մի խնդիր չունեմ որևէ երթուղու հետ․ Փաշինյան

Հայաստանը պատրաստ է գնալ լուծումների՝ տարածաշրջանում տրանսպորտային, տնտեսական կապերի ապաշրջափակման հարցով, Հայաստանը ցանկանում է գտնել լավագույն երթուղին, խնդիրն այն է, որ, գուցե, Ադրբեջանը չի ուզում, որ ՀՀ-ն եկամուտներ ստանա: Այս  մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Հանրային հեռուստաընկերությանը» տված հարցազրույցում:

«Երթուղիների հարցում մենք ընդհանրապես ոչ մի խնդիր չունենք, ես ոչ մի խնդիր չունեմ որևէ երթուղու հետ՝ բացառությամբ այն տրամաբանության, թե ինչքանով է դա տեխնիկապես իրագործելի: Մենք այդ նախագիծն անվանում ենք «Հայկական խաչմերուկ», որովհետև մենք ուզում ենք, որ այդ ճանապարհներից հնարավորինս շատ տրանսպորտային միջոցներ օգտվեն, հնարավորինս շատ բեռներ փոխադրվեն, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը հնարավորինս շատ եկամուտներ ստանա այդ բեռնափոխադրումից: Այս առումով ոչ մեկը մեզնից ավելի շահագրգիռ չի կարող լինել, որպեսզի դա լինի լավագույն երթուղին. հարմար, կարճ, տարին 12 ամիս հասանելի, անցանելի»,-ասաց Փաշինյանը:

Հայկական կողմը երբեք չի ասել, թե կա երթուղի, որի հետ ոչ մի դեպքում չի համաձայնի: 

«Բնականաբար ՀՀ-ի ցանկացած իշխանություն պետք է շահագրգռված լինի, որ բեռափոխադրումները՝ և երկաթուղով, և ավտոճանապարհներով լինեն հնարավորինս շատ, որպեսզի հնարավորինս մեծ եկամուտներ բերեն Հայաստանին: Այս առումով խնդիրն այն է, որ գուցե Ադրբեջանը չի ուզում, որ ՀՀ-ն եկամուտներ ստանա: Դա ուրիշ հարց է, թող այդպես էլ ասեն: Գուցե Ադրբեջանը մտածում է, որ պետք է այս հարցն այնպես լուծել, որ Հայաստանը շարունակի շրջափակման մեջ մնալ: Այստեղ է խնդիրը»,-ասաց Փաշինյանը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ