Ոչ միայն տեսականորեն այլ նաև գործնական տիրույթում անհնար է հայ-ադրբեջանական սահման գծելը, որովհետև սահմանագծում-սահմանազատում, այդ ամբողջ գործընթացը կարող է տևել տարիներ: Համաշխարհային փորձն էլ դա է ցույց տալիս, խոսք է գնում 1929 թվականի քարտեզների մասին, բայց դա էլ չի կարող իրավական առումով հիմք հանդիսանալ, որովհետև Խորհրդային երկու հանրապետությունների միջև ոչ թե իրականացվել է սահմանագծում և սահմանազատում, այլ ուղղակի պայմանավորվածություններ վարչական սահման ունենալու վերաբերյալ: Yerevan.Today-ի հետ հարցազրույցում ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը:
Իրանագետի խոսքով, Ադրբեջանը որևէ պայմանագրով չի հրաժարվելու իր պահանջներից և ոչինչ հետ չի պահելու Ադրբեջանին, եթե չվերականգնվի ուժերի հավասարակշռությունը:
«Երբ խոսում են միջազգային հանրության երաշխավոր լինելու մասին, Նոյեմբերի 9-ի այդ խայտառակ փաստաթղթի երաշխավորը ՌԴ-ն է: Ակնհայտ է, որ կարող են ստեղծվել այնպիսի իրավիճակներ, երբ որևէ գերտերություն չկարողանա իրականացնել երաշխավորի գործառույթը, ինչպես մենք հիմա տեսնում ենք, քանի որ ՌԴ-ն զբաղված է Ուկրաինայով: Հետևաբար՝ որևէ հույս կապել թղթի ստորագրման միջազգային հանրության խոստումների և երաշխիքների հետ, սահմանգծման և սահմանազատման հետ, ըստ էության, հերթական պատրանքն է: Ցավալիորեն այդ պատրանքները դուրս չեն մղվում մեր օրակարգից, նույնիսկ հերթական սխալից հետո... Մեր ամբողջ օրակարգը բոլոր ոլորտներում պետք է միտված լինի մեկ բանի՝ վերականգնելու հավսարակշռությունը, ստանալ գերակայություն, և երրորդ ուղղությունը՝ քանի որ Ադրբեջանի նպատակը Հայաստանի փաստացի ոչնչացումն է, ուստի մենք էլ պետք է ընթանանք այդ ուղղությամբ, որպեսզի եթե թշնամին ցանկանում է մեր չգոյությունը ինքը մատնվի չգոյության»,-ասաց Ոսկանյանը:
Մեր զրուցակիցը նշում է, որ ռուսական խաղաղապահների Արցախից դուրս գալը նշանակում է Արցախի հանրապետության ժողովրդի ոչնչացում Ադբեջանական ցեղասպան քաղաքականության հետանքով:
Վարդան Ոսկանյանի հետ զրույցը ամբողջությամբ՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը