«Ազատություն»-ը գրում է․
Եվրամիության դեսպաններն այսօր համաձայնել են Հայաստան ուղարկել քաղաքացիական առաքելություն, որը պետք է տեղակայվի Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով՝ վստահությունն ամրապնդելու և դելիմիտացիային նպաստելու համար։ Որոշումը կայացվել է Քաղաքական և անվտանգության հանձնաժողովի փակ նիստում, հաղորդում են «Ազատության» դիվանագիտական աղբյուրները։
Այժմ արդեն քննարկվում են դրա իրականացման մանրամասները՝ քանիսն են լինելու, որ երկրներից, և երբ են ժամանելու Հայաստան։ Սակայն հստակ է, որ առաքելությունը կգա, «Ազատությանը» ասել է Բրյուսելի դիվանագիտական աղբյուրը։
Առաքելության կարևորության մասին երեկ խոսեց նաև Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ Եվրախորհրդարանի Պաշտպանության հարցերով հանձնաժողովում։
«Անդամ երկրների, ինչպես նաև Եվրախորհրդարանի լիակատար աջակցությունը ծայրաստիճան կարևոր է Եվրամիության խաղաղասիրական ջանքերն իրագործելու համար», - ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը