29 09 2022

ՌԴ-ն ի՞նչ իրավասությամբ պետք է պաշտպանի այն, ինչն այս իշխանությունը համարում է, որ մերը չէ. Նարեկ Մանթաշյան



Սեպտեմբերի 29-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասուլիսի ժամանակ անդրադարձավ մի շարք ներքին և արտաքին քաղաքական հարցերի և ներկայացրեց, թե ինչ քայլեր կարելի է անել ստեղծված իրավիճակից դուրս գալու համար:

Ըստ ՀՀ երկրորդ նախագահի՝ միակ հարցը, որ այսօր հնարավոր է քննարկել՝ մասնակի իշխանափոխությունն է: Yerevan.Today-ի հետ զրույցում հասարակական-քաղաքական գործիչ Նարեկ Մանթաշյանն անդրադառնալով ստեղծված իրավիճակում մասնակի իշխանափոխության հնարավորությանը, նշում է. 

«Առաջնային խնդիր ունենք բանակցողի փոփոխության: Նախագահը նաև այդ համատեքստում ասաց՝ ես հասկանում եմ, որ այսօրվա իշխանությունները, ՔՊ-ական պատգամավորներն ինձ ձայն չեն տա և այլն, և նրանց համար փաստացի ստեղծեց միջանցք, որպեսզի կարողանան ինքնուրույն փոխեն բանակցողին: Նաև ասվեց, որ բոլորս էլ հասկանում ենք, որ այսօր ՔՊ-ական պատգամավորների բավականին մեծ զանգված գտնվում է սպառնալիքների, շանտաժի տակ: Նախագահի ուղերձի տողատակը հետևյալն էր, որ դուք բոլորդ հնարավորություն ունեք ձերբազատվել այդ կապանքներից, գնալ հայրենիքի փրկության ճանապարհով ու դուք որպես հանցակիցներ չեք դիտվի»:

Ինչ վերաբերում է համախմբմանը և այն տեսակետին, որ համախմբում պետք է լինի ոչ թե կապիտուլյացիայի, այլ հաղթանակների համար, Նարեկ Մանթաշյանն ընդգծեց.

«Այսօրվա իշխանությունների շուրջ համախմբումը նշանակում է հետևյալը. կենցաղային օրինակով բացատրեմ՝ երեխան կռիվ է արել, բայց ամբողջ ցեղով պետք է նորողություն խնդրեն նրանից, ում հետ կռիվ է արել, իսկ հակառակ պարագայում պետք է գոնե մեծերը գնան նստեն խոսեն, փորձեն լուծումներ գտնել. լուծումներ գտնել և ոչ թե գնալ կռվել: Այս պահին նախագահի ասած հաղթանակի շուրջ համախմբվելը չէր նշանակում, որ պետք է գնալ ու պատերազմ հայտարարել Ադրբեջանի հետ: Մենք լավ հասկանում ենք, որ մեր բանակը մաշեցվել է, ռեսուրսներն ամբողջությամբ վատնվել են և վերջին երկու տարում որևէ գործուն բան բանակի համար չի կատարվել: Այս վիճակում բնականաբար միամտություն կլինի կարծել, թե մենք ռևանշիստական հայտարարություններ ենք անում: Հաղթանակ նկատի ուներ նաև բանակցությունների գործընթացով, դիվանագիտական խողովակներով»:

Հայ-ռուսական հարաբերություններին անդրադառնալով մեր զրուցակիցը նշում է, որ այստեղ ևս խնդիրը ՀՀ իշխանությունների մեջ է.

«Երեկ հարց հնչեց՝չե՞ք կարծում, որ մենք ոչ թե ռուս ժողովրդի կամ Ռուսաստան պետության հետ խնդիր ունենք, այլ Կրեմլի վարվող քաղաքականության: Հիմա ուզում եմ հակադարձել՝իսկ չե՞ք կարծում, որ ոչ թե հայ ժողովրդի կամ Հայաստանի պաշտպանության մեջ է խնդիրը, այլ Հայաստանի իշխանության, որ Ռուսաստանն ըստ պատշաճի չի արձագանքում: 

Մենք գտվում ենք մի վիճակում, երբ մեր սահմանի վրա 2-300 զինվոր են սպանում, իսկ մեր իշխանությունները դա բնութագրում են որպես սահմանային միջադեպ, չեն ասում, որ սա պատերազմ է, սադրանք է մեր պետության նկատմամաբ, մեր ինքնիշխանության նկատմամբ, բայց մերձիշխանական բոլոր լրատվամիջոցներով, հանրային կարծիք ձևավորող մարդկանցով փորձում են տրամադրել հակառուսական տրամադրություններ՝ ասելով, որ ռուսը չի գալիս, մեզ չի օգնում: Եթե ինքդ չես ուզում պաշտպանել քեզ, եթե դու կանգնում ասում ես, որ դրանք ադրբեջանական հողեր են, ինչպես եք պատկերացնում, որ Ռուսաստանը գա Ադրբեջանից պաշտպանի՞ ադրբեջանական հողերը, որոնք ըստ ՀՀ իշխանությունների ձևակերպմամբ Ադրբեջանի հողեր են: Ասում է՝ մենք չունենք սահմաններ, մենք թշնամուց պետք է հարցնենք, թե ինչ քարտեզներով, հիմա միջազգային իրավունքի տեսանկյունից եկեք հասկանանք, Ռուսաստանն ի՞նչ իրավասությամբ պետք է գա պաշտպանի այն, ինչը քո իշխանությունների համարում են, որ մերը չէ, կամ հարցական է՝ մե՞րն է, թե՞ ոչ»:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ