17 09 2022

Դիտարկումներ պատերազմի լուսանցքի և օրհասի միջակայքում

Դիտարկումներ պատերազմի լուսանցքի և օրհասի միջակայքում

Թշնամու՝ սեպտեմբերի 13-ից վերսկսած պատերազմին և ուղղակիորեն Հայաստանի դեմ ուղղված ագրեսիային հաջորդած օրերին ՀՀ նոմինալ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ հրապարակային ելույթներ է ունեցել. ԱԺ-ում (երկու անգամ), ֆեյսբուքում (երկու անգամ՝ լայվ և գրառում), կառավարության նիստում: Արտաբերել է տակուգլուխ մի շարք անհեթեթություններ, հայտարարել է թշնամու պայմաններով, ըստ էության  նվաստացուցիչ և կործանարպար ևս մեկ կապիտուլյացիոն փաստաթուղթ ստորագրելու պատրաստակամության մասին, ապա անմիջապես թաքնվել ինչ-որ «օբյեկտում» ու այնտեղից ուղիղ միացմամբ փորձել է հերքել ինքն իրեն:

Սկզբունքորեն, Նիկոլ Փաշինյանը, որպես Հայաստանի իշխանությունը զավթած պարգևավճարիստ-ձրիակեր-անկարողների պարագլուխ, եթե կուզեք՝ ղեկավար, ստեղծված իրավիճակում պետք է միայն մեկ հայտարարություն աներ: Այո, դա պետք է լիներ 2020-ի 9.11-ի կապիտուլյացիոն հայտարարությունից հետո հռչակած ու որդեգրած «խաղաղության օրակարգի» իր քաղաքականության բացարձակ տապալման փաստի ընդունումն ու իշխանությունից կամովին հեռանալու մասին հայտարարությունը: Սակայն բոլորն էլ հասկանում են, որ Նիկոլ Փաշինյանն ավելի շուտ ատոմային ռումբ կնետի Երևանի վրա, քան կամովին կհեռանա՝ Հայաստանի կործանման նպատակով զավթած վարչապետի պաշտոնից:

Ըստ այդմ, եթե էլի ու էլի հարյուրավոր հայ մարդկանց, զինվորների ու քաղաքացիների կոտորածի մատնելուց հետո Նիկոլ Փաշինյանը չի հայտարարում հրաժարականի մասին, մնացած ամենը, ինչ նա հայտարարում է, անիմաստ է, անհետաքրքիր և ուշադրության ոչ արժանի ու նպատակաուղղված է բացառապես 1 բանի. սեփական հայակործան իշխանությունը էլի մի քիչ երկարաձգելուն, Հայաստանի վերջնական կործանումն ավելի մոտեցնելուն ու մերօրյա ցեղասպանության ծրագիրն ավարտին հասցնելուն:

Ի դեպ, շատերն արձանագրեցին, որ թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ նրա՝ առաջին փաղանգի մանկլավիկները ամեն կերպ խուսափում են «պատերազմ» և «թշնամի» բառերի գործածումից: Հայաստանի վրա ադրբեջանական թուրքերի հարձակումը դրանք ինչ ասես, որ չանվանեցին՝ է՛լ «սահմանային միջադեպ», է՛լ «սահմանային լարվածություն», է՛լ սադրանք, միայն ոչ՝ պատերազմ: Սա բնութագրական հանգամանք է:

Մյուս ուշադրավ հանգամանքն այն է, որ նման պայմաններում հախուռն սկսված բողոքի ցույցերի ու դրսևորումների մասնակիցներին սկսեցին սպառնալ… առաջնագիծ ուղարկելով: Այս սպառնալիքներով դրսևորվեցին անձամբ Նիկոլ Փաշինյանի ու նրա անմիջական շրջապատի բարոյահոգեբանական ցածրագույն նկարագիրն ու բարդույթները, եթե չասենք՝ ուղղակի հոգեբանական շեղումները:

Նախ, ո՞վ է մարդկանց առաջնագծով սպառնում: Ղեկավարը մի իշխանական խմբակի, որի մեծամասնությունը ոչ թե առաջնագծին մոտ չեն էլ եղել, այլև մեծամասամբ, տարբեր պատրվակներով, բանակային ծառայությունից էլ են խուսափել: Անզեն ու անրապրաստ մարդկանց առաջնագիծ տանելու սպառնալիքներ է տալիս, օրինակ, նիկոլական մեկը, ով իր որդուն ազատել է զինծառայությունից: Նման սպառնալիք է տալիս մեկը, ում անմիջական հրահանգով, շինծու մեղադրանքներով կալանավորված են և շարունակական քաղաքական հալածանքների են ենթարկվում բազմաթիվ կամավորականներ, պատերազմների մասնակիցներ:

Ամենից կարևորը, նման սպառնալիքներ է հնչեցնում մի իշխանություն, որը պատերազմական պայմաններում տասնյակ հազարավոր ոստիկանական ուժեր, ոստիկանական զորքեր ու ստորաբաժանումներ է կենտրոնացված պահում Երևանում՝ բացառապես սեփական անագորույն իշխանությունը պահելու մանիակալ մոլուցքը բավարարելու նպատակով:
Ի դեպ, թշնամական հարձակման առաջին իսկ ժամերին հազարավոր ոստիկաններ տագնապով ոտքի հանվեցին… Նիկոլ Փաշինյանի նստատեղը շրջապատելու և անվտանգ պահելու համար:

Հատկանշական է, որ նիկոլական ռեժիմի ու նրա մանկլավիկների սպառնալիքներն ու մեղադրանքներն ուղղվում են ընդդիմության դեմ մի իրավիճակում, երբ բոլորն էլ հրաշալի տեղյակ են, որ դեռևս հուլիս-օգոստոսին, «եռամսյա հավաքների» քողի տակ, ընդդիմադիր հայացքների տեր ու ակտիվ բազմաթիվ քաղաքացիներ արդեն իսկ զորակոչված են ու ծառայության մեջ: 
Ուշադրությունից չի վրիպում նաև այն, որ նիկոլական իշխանության բազմաթիվ ներկայացուցիչներ այս օրերին, իրենց վախերով պայմանավորված, անասելի ագրեսիվ ու հիստերիկ պահվածք են դրսևորում, ըստ որում, ֆիզիկական բնույթի սպառնալիքներ են ուղղում և նույնաբնույթ քայլեր են անում ինչպես ընդդիմադիր գործիչների, այնպես էլ լրագրողների դեմ: ՔՊ-ականների այդ ծայրահեղ ագրեսիան, կարծում ենք, գալիս է իրենց քաղաքական վախճանի, իսկ շատերի դեպքում՝ ժողովրդական մոտալուտ դատ-դատաստանի անխուսափելիության պարզ գիտակցումից:

 

Արմեն Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ