15 09 2022

Այս մարդը, գուցե չի հասկանում, թե ինչ է պատերազմն ու պատերազմում որդի կորցնելը, հողեր ու տուն կորցնելը․ Գեղամ Նազարյան

Այս մարդը, գուցե չի հասկանում, թե ինչ է պատերազմն ու պատերազմում որդի կորցնելը, հողեր ու տուն կորցնելը․ Գեղամ Նազարյան

Գեղամ Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Ազգային ժողովի ՔՊ ական մի պատգամավոր հունից դուրս է եկել, երբ լրագրողը հարցրել է, թե կմիանա՞ իմպիչմենթի գործընթացին։ Ի՞նչ իմպիչմենթ, _ բացականչել է նա:
Իսկապես, ի՞նչ իմպիչմենտ։ 44_օրյա պատերազմից հետո, Սյունիքի բարձրունքներից հետ քաշվելուց, մայիսի 12_ից, նոյեմբերի 16_ից, վերջին օրերի ողբերգությունից հետո ի՞նչ իմպիչմենտ։ Այս ամենից հետո վարչապետը վաղուց հրաժարական տված պետք է լիներ։ Առաջին հերթին հենց ՔՊ ականները պետք է հուշեին, որ հրաժարականն անխուսափելի է, բայց գործարար պատգամավորը բղավում է, նեղսրտում է, երբ հարցնում են` կմիանա՞ք իմպիչմենտի գործընթացին։
Այս պատգամավորի համար իմպիչմենտի պահանջը, գործընթացը ընդամենը երգ է։ Այս մարդը իր նեղ անձնական շահերը չի կարողանում վեր դասել պետության ու ազգի շահերից։ Այս մարդու ընտանիքին պատկանող կազմակերպությունը մետրոպոլիտենի գլխին բարձրահարկ շենք է կառուցում, ծորակի ջուրը, որպես աղբյուրի ջուր վաճառում, գերիշխող դիրքեր զբաղեցնում բիզնես միջավայրում։ Արցախը, Սյունիքը, Գեղարքունիքը, Վայոց ձորը ոչինչ են նրա տնտեսական շահի դիմաց։
Այս մարդը, գուցե չի հասկանում, թե ինչ է պատերազմն ու պատերազմում որդի կորցնելը, հողեր ու տուն կորցնելը։ Գուցե նա համարում է, որ զոհված տղերքի ծնողները հարիֆներ են, որ տղերքին զինծառայությունից չեն ազատել։
Ու այս մարդը դեռ խոսում է ամոթից եւ անամոթության մեջ մեղադրում երկրի ցավով տառապող մարդկանց։ Ծանր ժամանակներ են։
Նա ասում է եկեք կանգնենք իշխանության կողքին։ Ո՞ր իշխանության։ Այն իշխանության, որը իր կետից բանակցելով պատճառ դարձավ Արցախի մեծագույն մասի կորստին ու հազարավորի զոհերի՞ն, որը խոստացավ խաղաղություն, բայց երկիրը պահում է մշտական պատերազմի ու ստորացման մե՞ջ, որը կորցրեց բոլոր դաշնակից ու բարեկամ երկրների՞ն։ Կանգնում են պետության կողքին եւ ոչ պետությունը կործանող իշխանության կողքին։ Չեմ կասկածում, որ այս ճշմարտությունը չգիտեք։ Մի՞թե դուք կկանգնեք ձեր հսկա կոնցեռնը կործանող տնօրենի կողքին։ Ոչ, կկանգնեք ձեր կոնցեռնի կողքին եւ դուրս կշպրտեք ապիկար տնօրենին։
Մենք պետականության կորուստ ենք ունեցել, երբ անձնական, նախարարական տների շահը գերադասել ենք, վեր ենք դասել պետության շահից։
Ինչ վերաբերում է պահուստում աննախադեպ կուտակված գումարին, որով զենք պիտի գնվի, ապա դրանից ոչ թե պետք է ոգեւորվեք, այլ առնվազն ամաչեք, որ զենք կամ չեք կարողանում գնել կամ չեք ուզում գնել։ Նախկինում զենք գնելու համար նախատեսված գումարը չէր կուտակվում, քանի որ անդադար զենք էր ձեռք բերվում։
Ամոթ է նաեւ այս ճշմարտությունները չգիտակցելն ու ժողովրդին թյուրիմացության մեջ գցել։
Եւ իսկապես, ի՞նչ իմպիչմենտ այսքանից հետո։ Վարչապետի պաշտոնը զբաղեցնողը պետք է ներողություն խնդրի, ծնկի գա զոհերի առաջ ու հեռանա։ Մենք մեր տղերքի մարմինները դեռ չենք կարողանում իջեցնել դիրքերից, ու դուք փոխանակ ցավից, ամոթից ամաչեք մարդամեջ դուրս գալ, դեռ մի բան էլ հոխորտում եք, սպառնում ու դասեր տալիս։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ