14 09 2022

Արցախի ԱԺ խմբակցությունները կոչ են անում միջազգային հանրությանը՝ հասցեական դատապարտել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները

Արցախի ԱԺ խմբակցությունները կոչ են անում միջազգային հանրությանը՝  հասցեական դատապարտել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները

ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի մասին ԱՀ ԱԺ խմբակցությունները հայտարարություն են տարածել, որում ասվում է․

«Ադրբեջանի Հանրապետությունը, անտեսելով միջազգային նորմերը, մասնավորապես՝  ՄԱԿ-ի կանոնադրությամբ և Հելսինկյան եզրափակիչ ակտով նախատեսված սկզբունքները, 2022 թվականի սեպտեմբերի 13-ից պատերազմ է սկսել Հայաստանի Հանրապետության նկատմամբ:

Հարվածի տակ են հայտնվել խաղաղ բնակավայրեր և ռազմական օբյեկտներ, որի արդյունքում  զոհվել և վիրավորվել են  հարյուրավոր զինվորականներ և խաղաղ բնակիչներ:

Գլուխ ենք խոնարհում հայրենի երկրի սահմանների պաշտպանության համար նահատակված զինվորների, սպաների, նրանց հարազատների առջև: Զորակցություն ենք հայտնում Հայաստանի Հանրապետության մեր հայրենակիցներին և կոչ ենք անում համայն հայությանը համախմբվել և միասնական ջանքերով  պաշտպանել մեր հայրենիքի սահմանները:

2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում միջազգային հանրության անհասցե կոչերն ու կրավորական վերաբերմունքը առավել ագրեսիվ են դարձրել Ադրբեջանին, որի բոլոր գործողությունները հովանավորվում են Թուրքիայի կողմից: Ադրբեջանի նման ագրեսիվ պահվածքը և կասկածելի խաղաղության օրակարգը  հայ ժողովրդին կանգնեցնում է ֆիզիկական բնաջնջման վտանգի առջև:

Կոչ ենք անում միջազգային հանրությանը՝  հասցեական դատապարտել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները և գործուն քայլեր ձեռնարկել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պահպանելու և տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու համար»:

«Ազատ Հայրենիք-ՔՄԴ»

 «Միասնական հայրենիք»

 «Արդարություն»

«Հայ հեղափոխական դաշնակցություն»

«Արցախի ժողովրդավարական կուսակցություն»

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ