08 09 2022

Ադրբեջանցիները նոր վայրագություններ են իրագործում ինչպես ԼՂ բնիկ հայերի, այնպես էլ ՀՀ ինքնիշխան սահմանների նկատմամբ․ Հայտարարություն

Ադրբեջանցիները նոր վայրագություններ են իրագործում ինչպես ԼՂ բնիկ հայերի, այնպես էլ ՀՀ ինքնիշխան սահմանների նկատմամբ․ Հայտարարություն

Գերմանիայի Կառլսռուե քաղաքում անցկացվող Եկեղեցիների համաշխարհային խորհրդի 11-րդ ընդհանուր համաժողովը, որին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ մասնակցում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնական պատվիրակությունը, հանդես է եկել Արցախի, արցախահայության և նրա հոգևոր–մշակութային ժառանգության վերաբերյալ հայտարարությամբ․

«2020 թ. Լեռնային Ղարաբաղի պատերազմի հետևանքների վերաբերյալ

Ի հետևումն 2020 թվականի աշնանը Լեռնային Ղարաբաղի/Արցախի համար մղված վեց շաբաթ տևած ծանր պատերազմի՝ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) գործադիր հանձնախումբն ընդունեց հայտարարություն՝ աղոթելով իմաստության, միասնության ու հանդարտության համար և սգալով բոլոր նրանց հետ, ովքեր «սարսափելի կորուստներ են կրել ոչ միայն սեպտեմբեր 27-ից ի վեր վերստին սանձազերծված պատերազմում, այլև՝ տարածաշրջանում ինքնորոշման համար մղված պայքարի երկար պատմության ընթացքում՝ յուրաքանչյուր թանկագին կյանքի կորստի հետ ավելի խորացնելով թշնամանքը»:

ԵՀԽ-ն դատապարտել է քիմիական զենքերի և կասետային ռումբերի կիրառումը, քաղաքացիական անձանց, հիվանդանոցների ու հասարակական ենթակառուցվածքների թիրախավորումը և բոլոր այլ տեսակի պատերազմական հանցագործությունները, մարդկանց գլխատումը, կտտանքների ենթարկելը և այլ տեսակի բռնաճնշումները, որոնք արձանագրվել են հակամարտության ընթացքում: ԵՀԽ-ն նաև կոչ է արել հարգանք դրսևորել Լեռնային Ղարաբաղի/Արցախի սրբավայրերի և մշակութային ժառանգության նկատմամբ՝ նկատի առնելով այդպիսի վայրերի սրբապղծման մասին բազմաթիվ զեկույցները:

Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտության դադարից գրեթե երկու տարի անց հարյուրավոր էթնիկ հայեր տակավին ապօրինաբար պահվում են Ադրբեջանում՝ ոտնահարելով ռազմագերիների հետ վարվելակերպի մասին Ժնևյան Կոնվենցիան: Մինչ աշխարհի ուշադրությունը սևեռված է ուկրաինական հակամարտության վրա, ադրբեջանական ուժերը փաստացի նոր վայրագություններ են իրագործում ինչպես Լեռնայի Ղարաբաղի բնիկ հայերի, այնպես և Հայաստանի Հանրապետության ինքնիշխան սահմանների նկատմամբ, ինչի հետևանքով շարունակում են զոհվել անմեղ մարդիկ և գերեվարվել նորերը: Ավելին, պատերազմական հանցագործությունների և միջազգային մարդասիրական և մարդու իրավունքերին առնչվող օրենքների ոտնահարման համար պատասխանատվության պահանջը, ինչը բազմիցս արձանագրվել է Human Rights Watch, BBC, the Guardian և շատ այլ միջազգային հեղինակավոր լրատվամիջոցների կողմից, ցավոք չի կատարվել կամ հանձ առնվել:

Գերմանիայի Կարլսրուե քաղաքում հրավիրված Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) 11-րդ համագումարը

Դիմում է ՄԱԿ-ին, Եվրամիությանը և Ադրբեջանի իշխանություններին, միջազգային իրավունքի համաձայն, բոլոր հայ ռազմագերիներին և քաղաքացիական պատանդներին անհապաղ ազատ արձակելու համար,

Կրկին մտահոգություն է հայտնում տարածաշրջանի սրբավայրերի և հայկական մշակութային ժառանգության վերաբերյալ և կոչ է անում ՅՈՒՆԵՍԿՕ-ին ու միջազգային հանրության բոլոր անդամներին ձեռնարկել բոլոր հնարավոր և համապատասխան միջոցները այդ վայրերը պաշտպանելու համար

Կոչ է անում Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի շրջանակներում բովանդակալից երկխոսություն սկսել Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդարացի և խաղաղ կարգավորման համար,

Խնդրում է ԵՀԽ-ին և ԵՀԽ-ի անդամ բոլոր եկեղեցիներին շարունակել հավատարիմ մնալ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի եկեղեցիների և ժողովրդի նկատմամբ քրիստոնեական համերաշխությանը՝ արդարացի և կայուն խաղաղության հասնելու իրենց ձգտման ճանապարհին»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ