News.am-ը գրում է․ Պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի համոզմամբ՝ իշխանությունները պատերազմի պարտության մեղքը փորձում են բարդել բանակի եւ մարտավարական ցածր օղակների պատասխանատուների վրա եւ դրա շրջանակում էլ մեղադրանք են առաջադրել Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Միքայել Արզումանյանին։
Սեյրան Օհանյանը կարծում է, որ այս պահին Միքայել Արզումանյանին ձերբակալելը հանրությանը մի շարք կարեւոր խնդիրներից շեղելու նպատակ ունի, նաեւ պայմանավորված է Նիկոլ Փաշինյան–Իլհամ Ալիեւ հանդիպմամբ։
«Այս իշխանությունների օրոք նման մասկի շոունեը, թատերականացված բեմադրությունները օրինաչափություն են դարձել։ Միքայել Արզումանյանի ձերբակալությունը առաջին հերթին կարող է կապված լինել հանրությանը անվտանգային, սոցիալ-տնտեսական խնդիրներից շեղելու հետ։ Ինչու չէ նաեւ այսօր Բրյուսելում Նիկոլ Փաշինյան–Ալիեւ հանդիպմամբ։ Փաշինյանն իր կառուցողական գործընկերոջ հետ հանդիպելու է, եւ որոշակի հաշվետվություն կամ զեկույց կարող է լինել Ալիեւին՝ այս միջոցառման վերաբերյալ։
Երբ ասում եմ մասկի շոու նկատի ունեմ, որ Միքայել Արզումանյանն այն անձնավորությունն է, որ եթե պատշաճ ծանուցեին եւ հրավիրեին քննչական մարմին, կարծում եմ, որ նա կներկայանար։ Նրա ինչին էր պետք այն ինֆորմացիան, որ ճանապարհին բերման են ենթարկել։
Միքայել Արզումանյանը մարտավարական օղակում իրեն ցուցաբերել է որպես հմուտ ու քաջարի հրամանատար, միեւնույն ժամանակ ինքը 44-օրյա պատերազմում պաշտոնավարել է 10-12 օր, այն ժամանակ, երբ բանը բանից անցել էր արդեն։ Այս ամենը հաշվի առնելով, կարծում եմ, որ այսօրվա իշխանությունները փորձում են պատերազմի հիմնական պատասխանատվությունը գցել բանակի կամ էլ մարտավարական ցածր օղակների պատասխանատուների վրա»,– NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սեյրան Օհանյանը։
Նա ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ ադրբեջանցիները պատերազմի առաջին օրը չէ, որ հայտնվեցին Շուշիում եւ Շուշի հասնելն այդքան էլ հեշտ չէր։
«Ադրբեջանցիներն ահռելի ճանապարհով հայտնվեցին Շուշիիում, որն իր մեջ պարունակում է տարբեր հատվածներ, տարբեր աշխարհագրական դիրքեր, որտեղ իշխանությունները կարող էին համապատասխան միջոցներ ձեռնարկել ադրբեջանցիներին կանգնեցնելու համար, գոնե Հորադիզում, Ջրականում, Ֆիզուլիում, Հադրութում, Կարմի Շուկայում, Ասկերանի շրջանի վերին ենթաշրջանում։ Շուշիի մարտական գործողությունները պետք է տեսնել 44–օրյա պատերազմի պաշտպանողական օպերացիայի տարբեր հատվածների գործողություններում, որտեղ եղել են պատասխանատուներ, եւ այդ պատասխանատվությունը պետք է կրեն բոլորը, հատկապես այն անձինք, որոնցից կախված է եղել պատերազմի ելքը։ Այդ առումով ճիշտ կլինի, որ հանրությանը ներկայացվի, թե ով է պատասխանատու, որ Արցախի շուրջ բանակցային գործընթացը տապալվեց, ո՞վ էր ասում՝ Արցախը Հայաստան է ու վերջ, իր գործողություններով հրահրեց պատերազմը, ո՞վ է այսօր ասում՝ Արցախն Ադրբեջան է եւ վերջ, ու չի այցելում Արցախ, ամբողջ իշխանական վերնախավը ձեռքերը լվացել է Արցախից, վերջին ժամանակահատվածում միջանցքն էլ հանձնեցին Ադրբեջանին, իսկ այսօր առոք–փառոք նստած իրենց աշխատասենյակներում վայելում են իրենց պարգեւավճարներն ու կյանքը»,– նշեց Օհանյանը։
Պաշտպանության նախկին նախարարը շարունակեց մի շարք հարցեր բարձրացնել՝ վերհանելով 44–օրյա պատերազմում ունեցած բացթողումները եւ ընդգծեց, որ դրանց մեղավորները այսօրվա իշխանություններ են՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։
«Ո՞վ է պատասխանատու, որ երկիրը տարավ մտցրեց պատերազմի հորձանուտի մեջ ու պատերազմի ընթացքում Կառավարությունը չտեղափոխեց ռազմական ռելսերի վրա, չմոբիլիզացրեց մարդկային ու այլ տեսակի ներուժը, ո՞վ մոբիլիզացիա չարեց բանակի ողջ անձնակազմը համալրելու համար, ո՞վ է պատասխանատու, որ չկարողացավ ռազմաքաղաքական իրավիճակի ճիշտ գնահատական տալ, Կառավարության, Անվտանգության խորհուրդի հնարավորությունները օգտագործելով որոշել հակառակորդի գլխավոր հարվածի ուղղությունը եւ վերախմբավորումներ անել այդ ճեղքվածքը փակելու համար, որովհետեւ 283 կմ հատվածում միայն 20 կմ է հակառակորդին հաջողվել մխրճվել Արցախի հատված՝ սկզբնական շրջանում, մնացած հատվածներում հրամանատարներն ու զինվորները հերոսաբար կռվել են, եւ իրենք մեղավոր չեն, որ հարավային հատվածում մենք անհաջողություն ենք ունեցել, այդ նույն հարավային հատվածներում կռվող տտորաբաժանումները էլի մեղավոր չեն, որովհետեւ հակառակորդն այդ ուղղությամբ էր կուտակել իր գլխավոր հարվածային ուժը, ո՞վ պետք է փակեր այդ անցքը, դրանք այն մարդիկ են, որոնք ոչ թե գտնվում են առաջին գծում, այլ կենտրոնում։ Նրանք ավելի լավ են տեսնում ռազմական գործողությունների թատերաբեմը, տարածության, ժամանակի ու զորքերի դասավորվածության մեջ։ Ո՞վ է պատասխանատու, որ պատերազմի ժամանակ հակառակորդի առաջխաղացման հետ մեկտեղ չկարողացան ՏԻՄ–երի, պետության ինժեներական, շինարարական ամբողջ ներուժն օգտագործելով խորքում կառուցել պաշտպանական բնագծեր, աջակցել բանակին։
Ո՞վ է պատասխանատու այն իրողության համար, որ իրավապահ համակարգը մատը մատին չտվեց պատերազմի ժամանակ, որ կանգնեցնեն փախուստը, անօրինակությունները, ո՞վ է պատասխանատու, որ պարտության ճանապարհին խրախուսեցին եւ տարբեր գեներալական, հերոսի կոչումներ տվեցին, ու այդ ամենը շարունակվեց ՀՀ սահմաններում եւ հիմա կեղծ խաղաղության օրակարգի տակ են մտել եւ մեր երկիրը տանում են անհաջողությունների հորձանուտ։
Այս ամենի պատասխանատուներն առաջին հերթին Հայաստանի իշխանություններն են՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Մնացած բոլոր գործողությունները՝ Միքայել Արզումանյանին մասկի շուուվ ձերբակալելը, կամ հետո բացթողնելը, ձեւականություններ են, որի համար իշխանությունները օրերից մի օր պատասխանատվություն են կրելու»,– հավելեց Սեյրան Օհանյանը։
Հարցին, թե պատերազմի ընթացքում ինքը նույնպես եղել է Շուշիում, արդյոք իր տեսածը համապատասխանում է Քննչական կոմիտեի հաղորդագրությունում նկարագրվածի հետ, որում մանրամասն նշվում են Արզումանյանի թերացումները, Սեյրան Օհանյանն ասաց.
«Ես Շուշիիում մշտապես չեմ եղել, Արցախի Հանրապետության նախագահի խնդրանքով աջակցել եմ աշխարհազորի ձեւավորմանը, խորհրդատվությամբ եւ այլ գործողություններով փորձել եմ աջակցել տեղի հրամանատարությանը, մնացած հարցերը կարելի է տալ այն մարդկանց, որոնք կառավարման համակարգում են, որոնք եղել են ղեկավարներ, որոնք պետք է տեսնեին այդ բացերը կամ լինեին ՊԲ հրամանատարության կողքին ու աջակցեին նրանց։ Ես այդ հարցերը չեմ մեկնաբանում»։
Նշենք, որ նախօրեին ձերբակալվել էր Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի նախագահի գլխավոր խորհրդական Միքայել Արզումանյանը։ Ըստ Քննչական կոմիտեի՝ նա մեղադրվում է Շուշիի պաշտպանության կազմակերպման ժամանակ պաշտոնեական անփութություն կատարելու մեջ։
Այսօր արդեն, Միքայել Արզումանյանի ձերբակալման ժամկետը լրացել է եւ նա դատարանի որոշմամբ ազատ է արձակվել։ Արզումանյանի փաստաբան Երեմ Սարգսյանը NEWS.am-ի հետ զրույցում ասել է, որ Արզումանյանին կալանավորելու մասին միջնորդություն է ներկայացվել դատարան։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը