11 08 2022

Ինքը միակ պատասխանատուն է, բայց մի՞թե միակ մեղավորն է և... ո՞ւր է «ինքը»

Ինքը միակ պատասխանատուն է, բայց մի՞թե միակ մեղավորն է և... ո՞ւր է «ինքը»

Առանցքայինը, ինչ տեղի է ունենում այս օրերին, այն է, որ հայկական համարվող թե՛ արցախյան, թե՛ երևանյան պաշտոնավորների անբարո ճնշումներով, հեղհեղուկ դրամաիրային գայթակղումներով (նիկոլական Ջհանգիրյանը կասեր՝ «կտերով») իրականացվում է Բերձորի ու մերձակա բնակավայրերի հայաթափում, հայրենազրկում:

Սա՛ է հիմնականը:

Ո՞րոնք են դրա աղետալի հետևանքները, բացի այն, որ հայ համարվող պաշտոնավորները գաղթական են դարձնում հարյուրավոր հայ մարդկանց, Բերձորում ու մերձակա հայկական գյուղերում ծնված-մեծացած երեխաներին զրկում են ծննդավայրից:

Թիվ մեկ աղետալի հետևանքն այն է, որ Արցախի մնացորդները ֆիզիկապես կտրվում են, ինչպես ժամանակին սիրում էին ասել՝ «Մայր Հայաստանից», անկլավայնացվում են: Իրականում ու պատմականորեն դա այնքան էլ ճիշտ արտահայտություն չէ՝ «Մայր Հայաստանից կտրվելը»: Բանն այն է, որ գոնե Արևելյան Հայաստանի վերջին մի քանի հարյուր տարվա ընթացքում հենց Արցախն ու Սյունիքն են եղել Հայրենիքի այս հատվածում հայկականության պահպանման առանցքը, Արցախն է եղել Հա՛յր Հայաստանը, Շուշիով, Դիզակով, իր սղնախներով (պաշտպանական շրջաններ), իր կիսաանկախ մելիքություններով: Այնպես որ, դեռ մեծ հարց է, թե ով էր ում միացել: Առկա դաժան փաստն այն է, որ վերստին միմյանցից ֆիզիկապես զատվում, կտրվում են Արցախը և Սյունիքը, իսկ արանքը սեպ է խրվում՝ ադրբեջանաթուրքական օկուպացիոն զորքերի տեսքով:

Որոշ իշխանամերձ «քարոզչակաչաղակներ» կարող են ծվծվալ, թե՝ ճանապարհ է կառուցվում կամ նման բաներ: Բայց բոլորն էլ հրաշալի հասկանում են, որ դա ինքնախաբեություն է, ինչպես խաբեություն էր Նիկոլի «խաղաղության օրակարգը», որի հռչակումից հետո հենց միայն «սողացող պատերազմ» է, որը սողանքի նման կտոր-կտոր խլում-տանում է մեր հայրենի երկիրը, տանում է մեր ոտքերի տակից: Իրականում բոլորն էլ հասկանում են, որ այդ ճանապարհն անցնելու է գործնականում ադրբեջանական թուրքերի վերահսկողության տակ գտնվող տարածքով: Իսկ դա նշանակում է, որ ադրբեջանական թուրքերը, երբ քեֆները տա, կարող են դադարեցնել երթևեկությունն այդ ճանապարհով, կանգնեցնել ավտոմեքենաները, մորթել ուղևորներին, բռնաբարել կանանց, գլխատել երեխաներին ու նրանց ծնողներին, մի խոսքով՝ թրքություն անել, անել այն, ինչ արել են միշտ, երբ դիմացները տեսել են ոչ թե առնական ուժ ու հրացան, այլ կնաբարո ներքինիներ ու ծուռվիզ խեղճուկրակներ:

Մյուս առանցքային հետևանքն, ամենայն հավանականությամբ, լինելու է Արցախի նախիջևանացումը: Նկատենք, որ Նախիջևանը հայաթափվել է՝ ամենևին անկլավային վիճակի մեջ չլինելով: Նկատենք, որ Արցախը շուրջ 70 տարի գոյատևել է՝ բոլշևիկյան իշխանության կողմից անկլավայնիացված վիճակում: Բայց նկատելի են այն տրամադրություններն ու հոգեվիճակը, որոնք հուշում են՝ Արցախի մնացորդները, անկլավայնացումից հետո, կարող են կտրուկ հայաթափվել: Դա, գործնականում կնշանակի հերթական ամուր մեխը, եթե կուզեք՝ գամը Հայաստանի դագաղին. Արցախը, ինչպես նշվեց, հարյուրամյակներ շարունակ եղել է Արևելյան Հայաստանի հայկականության, պահպանության ու, Սարդարապատը վկա՝ պաշտպանության երաշխավորը:

Նշված երկու առանցքային հետևանքներն այնպիսին են, որ դրանից հետո այլևս որևէ այլ միկրոհետևանքներ, դեմոգրաֆիկ ու տնտեսական աղետային հնարավոր զարգացումներ նշելու ո՛չ ցանկություն կա, ո՛չ էլ՝ անհրաժեշտություն:

Նույնիսկ չարժե հարցեր տալ, թե՝ ո՞վ է մեղավոր կամ պատասխանատու: Նիկոլ Փաշինյանն է միակ պատասխանատուն, բայց ինչպես իրեն բնորոշ տարտամ բառախաղով ինքն է ասել՝ «բայց մի՞թե միակ մեղավորն է»: Գուցե միակը չէ, բայց դրանից երկրի, պետության կործանման իրականությունը պակաս դառը չէ:

Ի դեպ, ո՞ւր է «ինքը»: Այն իմաստով, որ Բերձորի ինքնահայաթափմանը զուգահեռ, լրատվաքարոզչական առաջին պլան են ելել զանազան վիգենխաչատրյաններ, իրենց անհեթեթ հայտարարություններով, որոնց էլ ուղղվում են  ոչ նիկոլական հանրույթի զայրույթը, անեծքները, հայհոյախառն լուտանքները, մեղադրանքները:

Ով ում ասես՝ մեղադրում ու գամում է անարգանքի սյունաշարին: Ով ում ինչ ասես՝ ասում է: Ում ասես, բացի... Նիկոլ Փաշինյանից: Գեղջկամիտ-գեղջկամիտ, բայց լավ էլ «շուստրի» է Հայաստանում ադրբեջանաթուրքական գործերի հավատարմատարը, որը, ինչ էլ ասվի, Հայաստանի ու Արցախի առկա բոլոր դժբախտությունների և կործանման գուցե ոչ միակ, բայց առանցքային մեղավորն է, պատասխանատուն ու հիմնապատճառը:

Հնարավո՞ր է փոխել կամ կասեցնել կործանման ընթացքը: Դեռևս հնարավոր է, եթե հեռացվի «ինքը»:

 

Արմեն Հակոբյան 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ