28 07 2022

Թուրքիային և Ադրբեջանին հաճոյանալու ինքնասպան քծնանքը․ Լիլիթ Գալստյան

Թուրքիային և Ադրբեջանին հաճոյանալու ինքնասպան քծնանքը․ Լիլիթ Գալստյան

Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

16-րդ դարի մեծ փիլիսոփա, նիդեռլանդական հումանիստական գրականության երևելիներից մեկը՝ Էռազմ Ռոտերդամցին, բոլոր ժամանակների համար անմահ մի երկ ունի՝«Գովք հիմարության» վերտառությամբ։
Երկն, ըստ էության, հիմարության մենախոսությունն է, ուր այսպիսի ուշագրավ հաստատում կա․ «Եվ ո՞ւմ են ավելի շատ սիրում թագավորներն՝ իրենց հիմար ծաղրածուների՞ն, թե՞ իմաստուն ու մռայլ խորհրդականներին»:

Հիմարություններին և հիմարներին անդրադառնալու սովորություն առհասարակ չունեմ, նախ՝ սեփական նշաձողս չիջեցնելու, անիմաստ և անպտուղ ճիգ չգործադրելու հաստատ համոզումով։ Եվ հետո, անկեղծ, այլևս այնքան գարշելի, նողկալի է մեր իրականություն հորդած ատելությունն ու տգիտությունը, որ պարզապես կեղտոտվելու ցանկություն չկա։

Եվ, այնուամենայնիվ, այս թեզի հեղինակը շարքային մեկը չէ․ «Դաշնակցությունն իր գոյությամբ է հարված հասցնում հայոց պետականությանն իր 130 ամյա պատմությամբ։ Որ իրանք չլինեին հայոց պետականությունն ավելի ուժեղ կլիներ թե էն ժամանակ, թե՝ հիմա»․․․ասում է Արսեն Թորոսյանը։

Մտքի այսպիսի «գոհարներն» անպատասխան են մնում, ու մեր արժեքային ու բարոյական ճգնաժամի մեջ տապակվող, անղեկ ու մոլորված հանրությունն էլ մարսում է, թունավորվում, դեգրադացվում՝ հասնելով անդառնալիության կետին։
Հավանաբար արդեն ուշ է խեղված գիտելիքներով ու արժեհամակարգով մեկին պատմության դասեր տալ կամ քաղաքագիտական այբբենարանական ճշմարտություններ բացատրել։ Բայց սա Հայաստանում, ըստ էության, պաշտոնական, հետևողական նարատիվ է, քաջալերվող և ուղղորդվող քարոզչություն, որը կիսվում է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից։

«Հիմարությունը պատռում է դիմակները և ցույց է տալիս կյանքի ողբերգությունն ու կատակերգությունը միաժամանակ», ասում էր Էրազմ Ռոտերդամցին:
Մեր պարագայում ողբերգությունն անափ է․ Թուրքիային և Ադրբեջանին հաճոյանալու արժանապատիվ ու ինքնասպան քծնանքը․․․

Հ․Գ․ Հիշեցի, թե ինչ ջանասիրությամբ էր այս նույն անձը՝ առողջապահության նախկին նախարարը Աժ ծեծկռտուքի ժամանակ ՀԵՏԵՎ-ից հարվածում ընդդիմադիրներին։

Մի բան էլ՝ վերջինս այսքան «խրոխտ» դատողություններ է անում, որովհետև մարսել է Հաշվեքննիչ պալատի մասնագետների այն եզրակացությունը, որ պետության պահուստային ֆոնդից COVID-ի դեմ պայքարի կառավարման համար հատկացված ավելի քան 26 միլիարդ դրամը ոչ միայն արդյունավետ չի ծախսվել, այլև ծախսը պատշաճ չի վերահսկվել ու պլանավորվել։

Մի տեսակ տպավորություն է, թե թյուրքալեզու պետությունների համաժողովում մեր հարևան երկրի ԱԱԾ պետի խոսքերը շատ են տպավորել վերջինիս․․․

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ