ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել «Լույս» հիմնադրամի գիտաժողովների սրահում տեղի ունեցած «Հայկյան-2021» մրցանակաբաշխությանը:
Ավանդական դարձած ամենամյա այս մրցանակաբաշխությունը նպատակ ունի բացահայտել և գնահատել այն անհատներին, կազմակերպություններին, որոնք տարվա ընթացքում տարբեր ոլորտներում նշանակալի մասնակցություն են ունեցել հանրային, հասարակական կյանքում, նպաստել հանրային արժեք ստեղծելուն, ջանքեր ներդրել մեր Հայրենիքի և ժողովրդի առջև ծառացած լրջագույն մարտահրավերների դիմագրավման ուղղությամբ:
2021 թվականի մի քանի անվանակարգերում մրցանակները հանձնել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
Սերժ Սարգսյանը նաև ելույթ է ունեցել «Հայկյան-2021» մրցանակաբաշխությանը, որը ներկայացնում ենք ստորև․
«Նախ ուզում եմ մեկ անգամ ևս ողջունել այստեղ հավաքված մեր գործընկերներին, նաև շնորհակալություն հայտնել կազմակերպիչներին ու մրցանակակիրներին այս միջավայրը ստեղծելու համար:
Կարծում եմ, որ շատ կարևոր է ավանդույթի շարունակությունը: Իմ խորին համոզմամբ, ստեղծող, ստեղծագործող, պայքարող մարդիկ` իրական պայքարողները, իրական ստեղծագործողները, երբեք դա չեն անում այն ակնկալիքով, որ երբևէ իրենք մրցանակ ստանան կամ էլ իրենց գործն ի ցույց կդրվի ուրիշներին: Նրանք դա անում են իրենց հոգու կանչով և, ցավոք սրտի, շատ հաճախ անում են նաև անձնազոհության գնով:
Այսօր ունեցանք այդպիսի օրինակ՝ Արմեն Գրիգորյանը. ես տեղյակ եմ իր անմիջական փաստաբաններից, որ կատեգորիկ հրաժարվում էր դիմել այս իշխանություններին, որպեսզի առողջական վիճակով պայմանավորված՝ փոխվի իր խափանման միջոցը: Այո, ուներ որոշակի առողջական պրոբլեմներ, բայց պետք է նաև փաստեմ, որ այդ առողջական պրոբլեմները չեն հանդիսացել այսօրվա իր հավերժություն գնալու պատճառը: Մասնագետների առաջին արձագանքներն էին, որ նա մահացել է սրտի կաթվածից, ինչպես ասում են՝ обширный инфаркт-ից: Նա երբեք սրտի համար որևէ բժշկի չէր դիմել:
Ես բազմաթիվ մրցանակաբաշխությունների եմ մասնակցել և արձանագրել եմ, որ այս մրցանակաբաշխությունը նպատակ ուներ ի հայտ բերել, ի ցույց դնել հանրությանը այն աշխատանքները, այն ավանդը, որն ունեցել են մարդիկ մեր ազգային արժեքները պահելու, պահպանելու և ավելացնելու գործում: Բայց ես տեսնում եմ, որ մրցանակակիրների մեջ նաև կան մարդիկ, ովքեր զբաղված են այն մարտահրավերներով, որ ունեն մեր ազգային արժեքները, և պայքարում են դրա ուղղությամբ: Սա շատ կարևոր հանգամանք է, եթե նայենք մեր շուրջը և տեսնենք, թե ինչ է կատարվում:
Ես վստահ եմ, որ սա ժամանակավոր երևույթ է մեր ազգի, մեր հասարակության կյանքում: Պատմության ընթացքում բազմաթիվ անգամներ են եղել այսպիսի իրավիճակներ՝ այնքան, որ նույնիսկ շատերին, չգիտեմ ասեմ՝ գայթակղությա՞ն, թե՞ փաստերի պարտադրանքով, փորձում են հիասթափեցնել մեր ժողովրդից, փորձում են տարբեր-տարբեր ծայրահեղությունների գիրկը գցել:
Ես չգիտեմ մի ժողովուրդ, որն առանց պետականության երկար ժամանակ դիմացել է: Երևի մենք եզակիներից ենք:
Այո, կարելի է տարբեր օրինակներ բերել, բայց, որպես ժողովուրդ, նրանք չեն կարող լիարժեք համարել, որ իրենց ազգային առաջնահերթություններն իրականացվում են:
Պետությունը նրա համար է, որպեսզի այդ առաջնահերթություններն իրականացնի: Պետությունը նրա համար է, որպեսզի ժողովրդի հավերժությունն ապահովի: Պետությունը նրա համար է, որպեսզի ժողովրդի անվտանգությունն ապահովի: Եթե պետությունն ի վիճակի չէ սա անելու, դա ուղղակի ողբերգություն է այդ ժողովրդի համար:
Ես խորապես համոզված եմ, որ բազմաթիվ արժանի մարդիկ, բազմաթիվ արժանի գործեր այս լսարանում ներկայացված չեն, բայց միևնույն ժամանակ, ես շատ լավ հասկանում եմ, որ մի միջոցառումով կամ մի մրցանակաբաշխությամբ անհնար է ամբողջն ընդգրկել, և այս առումով, իհարկե, իմ ցանկությունն է, և ես իմ աջակցությունն եմ հայտնում «Հայկյան» մրցանակաբաշխությանը, որպեսզի այն լինի հավերժ, անցկացվի ամեն տարի, և որպեսզի մենք կարողանանք մեր ուժերի ներածին չափով խրախուսել և այդպիսով մեր շնորհակալությունը հայտնել այդ մարդկանց:
Շատ շնորհակալ եմ»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը