Կառավարությունը հուլիի 14-ի նիստում Հայաստանում «Ոստիկանության տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին որոշում կայացրեց:
ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանն ասաց, թե կազմակերպությունը տեխնիկական միջոցների օգտագործմամբ օժանդակելու է հանցագործությունների և վարչական իրավախախտումների հայտանբերմանը, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի վարչական իրավախախտումների գործերով վարույթի նախապատրաստական աշխատանքներ իրականացնմանը, իսկ այլ դեպքերում՝ լիազոր մարմնի պահանջով տեսալուսանկարահանող համակարգերով հավաքված տեղեկություններ տրամադրելու միջոցով օժանդակելու է վարույթին։
Ընդ որում, հայտնաբերված վարչական իրավախախտումներով գանձված տուգանքները օրենքով սահմանված կարգով մուտքագրվելու են պետական բյուջե։
Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե այն գործառույթը, որն իրականանցում էր «Սեքյուրիթի դրիմ»-ը, հիմա վերցնում են ու իրականացնում են ՊՈԱԿ-ի միջոցով:
«Ինչու ավելի շուտ չէինք կայացնում այս որոշումը, որովհետև գործառույթը բավականին բարդ է ու մեր հիմնական խնդիրներ էր՝ արդյոք կկարողանանք պետական տանիքի ներքո այդ գործառույթն իրականացնել, բավականին երկար ժամանակ աշխատանքներ են արվել, ու մենք հիմա համոզված ենք, որ այդ գործառույթները պատշաճ ձևով կիրականացվեն»,-նշեց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը