11 07 2022

Ի՞նչ է նշանակում փախուստ մի մարդու համար, ով Հայաստան է վերադարձել պատերազմի օրերին երեք տղա երեխաներով. Ավետիք Չալաբյան

Ի՞նչ է նշանակում փախուստ մի մարդու համար, ով Հայաստան է վերադարձել պատերազմի օրերին երեք տղա երեխաներով. Ավետիք Չալաբյան

Ավետիք Չալաբյանի պաշտպանական խումբը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․

««Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը կմնա կալանքի տակ։ Կիրակի օրը` ս.թ. հուլիսի 10-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (նախագահությամբ դատավոր Արուսյակ Ալեքսանյաի) հրապարակեց իր որոշումը, որով մասնակի բավարարեց վարույթն իրականացնող մարմնի ներկայացրած կալանքի երկարաձգման միջնորդությունը։

«Ես ինչպե՞ս կարող եմ վարույթին խոչընդոտել, եթե վարույթն ավարտել եք: Ի՞նչ կարող եմ ես անել: Եթե դուք վարույթն ավարտել եք, ուրեմն դատախազի կողմից առաջարկված գորոծողությունները փաստացի արավտել եք, արդեն չկա որևէ տրամաբանական գործողություն, որին ես կարող եմ խոչընդոտել: Իմիջայլոց, ոչ էլ ցանկություն ունեմ: Այս գործի նյութերը բավարար են, որովհետև այս գործի նյութերը ցանկացած խելամիտ դատարանում ի վերջո կբերեն իմ արդարացման, այս քայլերը հերթով կբերեն նրան, որ հանցակազմը բացակայում է»,-կալանքի երկարացման դռնբաց նիստում իր ավարտական ելույթի ժամանակ ասել է Ավետիք Չալաբյանը:

Նշենք, որ ավելի վաղ Ավետիք Չալաբյանի կալանքը երկարաձգելու համար հապճեպ միջնորդություն էր ներկայացվել դատարան այն բանից հետո, երբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը չէր հաստատել գործի մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերը վերադարձրել էր նախաքննության մարմին` նախաքննությունը շարունակելու ցուցումով։

«Ի՞նչ է նշանակում փախուստ մի մարդու համար, որը հինգ ընկերությունների տնօրենների խորհրդի անդամ է, երկու բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի անդամ է, մեծ ընտանիքի հայր է, չորս երեխաների հիմնական կերակրող, երկու տարեց ծնողների խնամակալ: Գրել եք այս ամենը ընդհամենը գրելու համա՞ր: Ո՞նց ես կարող եմ փախուստի դիմել: Ինքս ինձանից ես կարո՞ղ եմ փախուստի դիմել: Մի մարդ, որ Հայաստան է վերադարձել պատերազմի օրերին երեք տղա երեխաներով: Մեր երկրի բնակչության զգալի մասը իր երեխաների փախցնում է: Երեք տղա երեխաներով Հայաստան եմ վերադարձել, որ փախնե՞մ Հայաստանից»,-ասել է Ավետիք Չալաբյանը, հավելելով, որ այս միջնորդությունը ցանկացած երկրում իրավական պրակտիկայում ուղղակի զավեշտ կլիներ:

Հիշեցնենք, որ «Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին անհիմն, առանց որևէ արժանահավատ ապացույցի և քրեադատավարական ընթացակարգերի կոպտագույն խախտումներով մեղսագրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարքը, որը վերաորակման է ենթարկվել ու մեղմացել հուլիսի 1-ից ուժի մեջ մտած նոր քեական օրենսգրքով:

«Ավետիք Չալաբյանը գործող իշխանությունների քաղաքական պատանդն է, իսկ դատարանները դրանց կատարածուները: Քննիչն իր բերանով երեկ հաստատեց, որ Ավետիք Չալաբյանը պետք է մնա կալանքի տակ միայն նրա համար, որ ինքն ու դատախազը հանգիստ , առանց վռազելու գործն ուղարկեն դատարան և ընդունեց, որ որևէ այլ քննչական գործողություն չունեն անելու, ասել է թե` Ավետիք Չալաբյանը շարունակելու է գտնվել կալանքի տակ գործը դատարան ուղարկելու հիմքով»,-ավելի վաղ հայտարարել էին Չալաբյանի պաշտպաններ Վարազդատ Հարությունյանը և Արթուր Հարությունյանը:

Ավետիք Չալաբյանի ազատության համար ամիսներ շարունակ պայքարում են լայն հասարակության տարբեր խմբեր` ակցիաներով, ստորագարահավաքներով և օրենքով սահմանված բոլոր միջոցներով կոչ անելով ազատել Ավետիք Չալաբյանին»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ