24 06 2022

Արցախի համար անխախտելի սկզբունք է՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում․ Տիգրան Աբրահամյան

Արցախի համար անխախտելի սկզբունք է՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում․ Տիգրան Աբրահամյան

«Դիմադրություն» շարժման կազմով Արցախ էինք գնացել. Բավականին հարուստ, ընդգրկուն, հագեցած այց էր, որը չէր սահմանափակվում միայն պաշտոնական հանդիպումներով։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Մարտակերտի, Ասկերանի, Մարտունու շրջաններում, մայրաքաղաք Ստեփանակերտում մեծ թվով հանդիպումներ ունեցանք տարբեր մասնագիտությունների, զբաղմունքի տեր մարդկանց հետ, որտեղ առաջնային խնդիրը ոչ թե խոսելն էր, այլ մեր հայրենակիցներին լսելը։

Արցախի խորհրդարանում կայացած հանդիպման ժամանակ բոլոր քաղաքական ուժերի հետ արձանագրեցինք, որ անկախ այն հանգամանքից, թե տարբեր հարցերի շուրջ ինչ դիրքորոշում ունեն կուսակցությունները, բոլորիս համար կա առաջնային օրակարգ՝ կանխել Արցախի և Հայաստանի ադրբեջանացման, թուրքացման օրակարգը։

Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի ու Բակո Սահակյանի հետ հանդիպումներում արձանագրվեց, որ Արցախում ազգային հարցերի շուրջ առկա է քաղաքական-հասարակական կոնսենսուս, իսկ արցախցին իր արդարացի պահանջն իրացնելիս համախմբված է։

Արցախի համար անխախտելի սկզբունք է՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում և սրան հասնելու համար մարդիկ պատրաստ են մի կողմ դնել նեղ անձնական, խմբային շահերը և համախմբվել ազգային օրակարգի շուրջ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ