Ես չեմ ասել, որ եթե չհասնեմ գործող իշխանությունների հեռացմանը, մանդատս վայր եմ դնելու։ Ես ասել եմ, որ խորհդարան չեմ վերադառնալու այլևս։ Չեմ վերադառնալու, որովհետև ես անելիք չունեմ մի խորհդարանում, որտեղ ծափահարում են մի մարդու, որն ասում է, որ պետք է իջեցնի Արցախի կարգավիճակի նշաձողը, «Հրապարակ»-ին տված հարցազրույցում ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության նախկին ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
«Ես անելիք չունեմ մի խորհրդարանում, որտեղ ծափահարում են մի մարդու, ով ասում է, որ 44-օրյա պատերազմի ընթացքում հազարավոր զոհեր կարող էին չլինեին, բայց եղան, որովհետև ինքը այդպես էր որոշել»,- ընդգծել է Արթուր Վանեցյանը։
Նա անդրադարձել է նաև պայքարի ընթացքին՝ նշելով․ շարժումը չի ձախողվել։
«Ոչ մի դեպքում այդ բառը չեմ կարող օգտագործել, որովհետև շարժումը իրոք ունի արդյունքներ։ Ուղղակի, հավատացեք, մի քիչ պետք են նյարդեր։ Կամք ու ժամանակ է հարկավոր»,- ասել է Վանեցյանը։
«Հայրենիք» կուսակցության նախագահը հերքել է լուրերը, թե ինքը ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներին փորձել է համոզել, որ նրանք հրապարակավ հայտարարեն ու հեռանան պայքարից։
«Այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը։ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը բազմիցս է հայտարարել, որ այլևս բարձր պաշտոն չի զբաղեցնելու Հայաստանում։ Ռոբերտ Քոչարյանը փաստացի հանդիսանում է «Հայաստան» դաշինքի առաջնորդը, և «Հայաստան» դաշինքի մաս կազմող կուսակցությունները և գործիչները այսօր ակտիվ գործունեություն են ծավալում հրապարակում։ Դա իրենց որոշելիքն է, թե Ռոբերտ Քոչարյանը հետագայում պիտի զբաղեցնի՞ բարձր պաշտոն, թե՞ ոչ։ Նման խոսակցություններ, նման պահանջներ իմ կողմից երբեք չեն եղել», - ասել է նա։
Արթուր Վանեցյանն ընդգծել է՝ նախկին երկու նախագահներն ունեն մեծ փորձ ու գիտելիքներ, բոլորի ցանկությունն է, որ պայքարը հաջողության հասնի։
«Իրականում նախկին երկու նախագահները ունեն մեծ փորձ, մեծ գիտելիքներ։ Իրենց կառավարման տարիներին նրանք ունեցել են մեծ ձեռքբերումներ, եղել են նաև, իհարկե, որոշակի թերություններ, սակայն նախկին նախագահներն ամեն դեպքում նախկին նախագահներն են ու իրենց մասնակցությամբ փորձում են ամեն ինչ անել,որ այս շարժումը հասնի հաջողության», - ասել է Արթուր Վանեցյանը։
«Հայրենիք» կուսակցության ղեկավարը հավելել է․ «Պատրաստ եմ էլի կանգնել թե՛ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, թե՛ նախագահ Սերժ Սարգսյանի կողքին՝ մեր երկրի հարցերը այս դժվարին փուլում լուծելու համար»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը