13 06 2022

Պայքարը պետք է մտնի նոր փուլ՝ նոր ռազմավարությամբ, նոր մարտավարություններով, բնակչության նոր շերտերի ներգրավմամբ․ Կարեն Վրթանեսյան

Պայքարը պետք է մտնի նոր փուլ՝ նոր ռազմավարությամբ, նոր մարտավարություններով, բնակչության նոր շերտերի ներգրավմամբ․ Կարեն Վրթանեսյան

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Կարեն Վրթաեսյանը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով, հանուն Արցախի ու Հայաստանի պայքարին, գրում է.

«Ասեմ այն, ինչը, կարծում եմ, շատերն են մտածում, բայց չեն բարձրաձայնում. պայքարը պետք է մտնի նոր փուլ՝ նոր ռազմավարությամբ, նոր մարտավարություններով, բնակչության նոր շերտերի ներգրավմամբ, նոր «մարտադաշտերում»։

Բայց մինչ այդ նոր փուլին անցնելը հասկանանք, թե ինչ տվեց ապրիլի 5-ի հավաքով սկսված և (իմ կարծիքով) հունիսի 5-ին վերջացած փուլը.

• ռազմավարական հաղորդակցման մակարդակում. բոլորին պարզ դարձավ, որ հայ հանրության մի մեծ շերտի համար Արցախի թեման փակված չէ, ինչքան էլ Նիկոլը փորձում է հակառակը ցույց տալ աշխարհին;
• ռազմավարական հաղորդակցման մակարդակում. գրանցվեց, որ Նիկոլը չունի ժողովրդի մեծամասնության մանդատը որևէ բան հանձնելու (այն, որ շատերը դուրս չեն գալիս փողոց կռվելու, դեռ չի նշանակում, որ Նիկոլի արածին հավանություն են տալիս, ինչը ցույց են տալիս նաև հանրային կարծիքի հարցումները);
[Հաղորդակցման մակարդակում սրանք միակ ձեռքբերումներն են, մնացած ամեն ինչ տապալումների շարան է...]
• ենթակառուցվածքային մակարդակում. քաղաքական տարբեր ուժեր ստացան փողոցային պայքարի լրջագույն ու անգնահատելի փորձ, ինչն իր դերը խաղալու է;
• ենթակառուցվածքային մակարդակում. ազգային թևից ակտիվ բազմաթիվ անհատներ, որոնք չեն հարում որևէ քաղաքական ուժի, իրար ճանաչեցին, իրար տեղն իմացան, համատեղ գործելու փորձ ձեռք բերեցին (սա կարևորագույն հանրային ռեսուրս է, նամանավանդ 4 տարի շարունակ քայքայվող հանրային ինստիտուտների ֆոնին)։

Անցած փուլի բացերից ու սխալներից.

1ա. հաղորդակցման տապալում թե՛ հանրության լայն շերտերի հետ, թե՛ շարժմանը մասնակցող տարբեր ուժերի միջև, թե՛ նույնիսկ ուժերի ներսում;
1բ. հաղորդակցման տապալում. նույնիսկ շարժմանն ակտիվ մասնակցող մարդկանց ճնշող մեծամասնությունը չհասկացավ ու շարունակում է չհասկանալ ոչ բռնի պայքարի տրամաբանությունը, ըստ այդմ՝ չի հասկանում, օրինակ՝ ինչու է պետք փոխել պրոֆիլի նկարը, գնալ հավաքի կամ երթի, կամ փողոց փակել;
1գ. հաղորդակցման տապալում. շատ հարցեր ու դիլեմաներ անպատասխան և, համապատասխանաբար, անլուծելի են մնում մարդկանց համար (օրինակ՝ «Ենթադրենք Նիկոլը գնաց, ինչպե՞ս կարող է ընդդիմությունը փրկել Արցախը հայաթափումից»);
1դ. հաղորդակցման տապալում. ազգային ուժերի անկարողությունը ձևավորելու հանրային ամենօրյա օրակարգեր։
2. անձնական / նեղխմբային / միջխմբային ամբիցիաների չհաղթահարում շարժման ներսում (ու մարդիկ դա զդում են ու շատերին դա վանում է)։


Ըստ այդմ այն մասին, թե ինչ, իմ կարծիքով, անհրաժեշտ է անել հաջորդ փուլում.

• Սխալների վերլուծություն, դասերի սերտում (ինչպես ամերիկացիներն են ասում՝ «lessons learned»);
• Հաղորդակցման ռազմավարության մշակում, միասնական ասելիքի ձևավորում, առանց որի անհնարին է հանրային կայուն օրակարգերի ձևավորումը... նպատակը՝ հանրության ավելի լայն շերտերի մոբիլիզացումը և ներգրավումը պայքարին;
• Հաղորդակցման ռազմավարությանը մշակման զուգահեռ՝ համապատասխան մոբիլիզացիոն և տեղեկատվական ենթակառուցվածքի ստեղծում. տեղական համակարգող մարմինների ստեղծում տարբեր կազմակերպություններում, հիմնարկներում, թաղերում, բնակավայրերում (մեկնաբանությամբ կդնեմ մարտի 30-ին հրապարակած մեր կոչը ազգային համակարգող մարմին ստեղծելու անհրաժեշտության մասին՝ այնտեղ 2 ամիս առաջ մանրամասն նկարագրել ենք փայքարի հենց այս ֆորմատը)։
• Բացատրական և իրազեկման աշխատանք բոլոր մակարդակներում՝ մեդիայից մինչև անձնական շփումներ (հենց դրա համար են պետք տեղական կոմիտեները)։
• Փողոցային պայքարի շարունակություն կետային (թիրախային) ֆորմատներով, իսկ ամենօրյա հիմնական աշխատանքը պետք է լինի նախորդ կետում նշածս բացատրական և իրազեկման աշխատանքը տեղերում, մարդկանց փոքր խմբերի հետ։ Անիմաստ է Ֆրանսիայի հրապարակն ամիսներով փակ պահելը, եթե հրապարակից 300մ այն կողմ այդ պայքարից որևէ բան չի զգացվում, չի երևում։ Ընդամենը քայլեք դեպի Տերյան փողոց կամ Կասկադ ու պայքարի նշույլ անգամ չեք նկատի։

Իրականում վերը թվարկած կետերն ահռելի ու ծանր աշխատանք են ենթադրում ու, գուցե, դա էլ է ընդդիմությանը հետ պահում արմատական վերաֆորմատավորման գնալուց, բայց, կարծում եմ, ժամանակն է գիտակցելու, որ պայքարը պետք է նոր մակարդակի հանել ու հնարավորինս արագ, քանի որ ադրբեջանցիներն իրենց օրակարգերը գազ տված առաջ են բրդում։

Հ.Գ. Մի կարևոր հավելում. շատերն ասելու են. «Ախր, մենք այս ամենի ժամանակը չունենք, արագ լուծումներ են պետք»։ Կպատասխանեմ, որ այդպես էին ասում 2018-ի հուլիսին, 2020-ի մարտին, 2020-ի նոյեմբերին, 2021-ի մայիսին, 2021-ի հուլիսին և այլն, և այլն։ Ու եթե այս ամսաթվերից որևի մեկից նկարագրածս աշխատանքը սկսված լիներ, հիմա լրիվ այլ իրավիճակում կլինեինք»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ