Երևանում ասուլիսի ժամանակ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը՝ Լեռնային Ղարաբաղի Փառուխ գյուղից ադրբեջանական զինված ուժերին ելման դիրքեր վերադարձնելու ուղղությամբ հարցի վերաբերյալ, լրացուցիչ պարզաբանման կարիք ունի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ լրագրողներին խնդրելով դիմել ՌԴ և ՀՀ ԱԳ նախարարություններ. «Արդյո՞ք ՌԴ ԱԳ նախարարի տված ձևակերպումները ճիշտ են, թե՞ ոչ, այսինքն հայ-ադրբեջանական դելիմիտացիայի հանձնաժողովը զբաղվո՞ւմ է նաև Արցախի սահմանների դելմիտացիայով. եթե այո, ապա ի՞նչ սահմանների մեջ, եթե ոչ, ապա ե՞ս եմ սխալ հասկացել Լավրովին, թե Լավրովն է շփոթել տեղանունները, կարող է խառնել է Փառուխը Սև լճի տարածքի, Ներքին Հանդի տարածքի հետ։ Չգիտեմ, սա պետք է պարզել»։
Նա նշեց, որ հնչել է պատասխան, որը ենթադրում է, եթե լրացուցիչ պարզաբանումներ դեռ չկան, որ հայ-ադրբեջանական դելիմիտացիոն հանձնաժողովը զբաղվում է նաև Արցախի սահմանի դելիմիտացիայով, այստեղ այլ հարցեր է ծագում։
Հիշեցնենք, որ Երևանում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը պատասխանելով հարցին, թե ի՞նչ է անում Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի Փառուխ գյուղից ադրբեջանական զինված ուժերին ելման դիրքեր վերադարձնելու ուղղությամբ, ասել է. «Ռուս զինծառայողները, և դրա մասին շատ լավ գիտեն մեր հայ գործընկերները, այդ հարցը համարում են առաջնահերթ»։
Սերգեյ Լավրովի խոսքով, այնտեղ որոշակի արդյունքներ կան՝ իրադրության դեէսկալացիայի առումով։ «Մեզ մոտ ըմբռնում կա, որ դելիմիտացիայի ուղղությամբ սկսվող առարկայական աշխատանքների շրջանակում այդ հարցերը կդիտարկվեն ու անպայման կլուծվեն»,-ասել էր ռուսաստանցի պաշտոնյան։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը