06 06 2022

Առանց կուռքի Հայաստան. Վահե Հովհաննիսյան

Առանց կուռքի Հայաստան. Վահե Հովհաննիսյան

Այս օրերին Երևանի փողոցներում հնչող հայտնի վանկարկումը մի պահից վերափոխման կարիք ունի։

«Առանց կուռքի Հայաստանն» է, որ տալիս է ժամանակակից պետություն ունենալու հնարավորություն, ավելի մեծ հեռանկար։


Շարժման հեռահար նպատակը պետք է լինի հենց դա՝ հետպատերազմյան Հայաստանի վերականգնումը։ Սա նշանակում է՝ պետության խորքային մոդեռնիզացիա՝ ներառելով կառավարման որակը, ներքին բարքերը, տարածաշրջանային պատկերացումները, հայկական աշխարհի մասին պատկերացումները։

Հայաստանն առանց կուռքի բանաձևը հետպատերազմյան Հայաստանի՝ իմ պատկերացրած մոդելն է։ Որտեղ արժեք կլինի ոչ թե կառավարման համակարգի գլխին հայտնված անձը, այլ գիտելիքը, պետական և հանրային ինստիտուտները, հասարակական հարաբերությունների նոր որակը, պետական մտածողությունը, ազատ մտածողությունը և այլն։ Կուռքն իր շուրջ մագնիսի պես ձգում-հավաքում է անպիտան մարդկանց՝ իրենց մանր շահով առաջնորդվող, որոնք հանուն կուռքի երկարակեցության պատրաստ են ամեն ինչի և կարող են ոտնահարել ցանկացած արժեք։


Եթե կասեն, որ հիմա նման բաների մասին խոսելու ժամանակը չէ, չհավատաք։ Հիմա է հենց դրա ժամանակը։

Կուռքը ջարդեց մեր պետության ողնաշարը, ու հիմա մենք վերածվել ենք Պաղեստինի նման մի միավորի՝ կիսապետության։ Բայց վերականգնումը նախորդ 28 տարվա մոդելին վերադառնալը չէ։ Ամենևին։


Ու հենց հիմա´ է ժամանակը՝ նոր տիպի Հայաստանի, ժամանակակից Հայաստանի մասին բարձր խոսելու։
Մենք պետք է շատ պարզ հասկանանք, որ այս վիճակից ելքը նախա2018-ի Հայաստանը չէ. դա ուղղակի հնարավոր չէ՝ օբյեկտիվորեն և պատմականորեն։

Ազգային պայքարի իդեան պետք է լինի ոչ թե հակաթուրքականությունը, այլ՝ Հայաստանի վերելքը, պատերազմից հետո պետության վերականգնումը: Այդպես մենք ավելի գրագետ կմեղմենք թուրքական գործոնի վտանգը ավելի հեշտ կհաղորդակցվենք հանրության հետ, և ավելի հեշտ կհասնենք Նիկոլի իշխանության հեռացմանը։

Երբ մենք վերափոխենք շարժման հիմնական բովանդակությունը, այդ ժամանակ քաղաքացին կկարողանա տեսնել թե՛ համապետական, և թե՛ իր ընտանեկան օրակարգը:

Այս փուլում Հայաստանին պետք է կարող ուժերի հավաքական. մեզ պետք է սոլիդ և կոնսոլիդացված իշխանություն, դա պետք է լինի մեր պոտենցիալի հավաքականը:

Չխաբենք մեզ, թե Նիկոլից հետո խնդիրները լուծվելու են հեշտ և հաջողությամբ։ Սրա մասին նույնպես պետք է բաց ասել։ Նիկոլի հեռացումը նոր էջի հնարավորությունն է միայն։ Դրանից հետո մեզ սպասում են բարդ բանակցություններ հակառակորդների և բարեկամների հետ, դժվար որոշումներ, արժանապատիվ խաղաղության բարդ ճանապարհ, տնտեսության դժվար զարգացում և այլն։ Հենց այդ պատճառով շատ կարևոր է հիմա՝ պայքարի այս փուլում հարևաններին և խնդիրներին վերաբերող հայտարարություններում լինել զուսպ և հավասարակշիռ։ Պայմանական ասած՝ Մախլուտոն հետաքրքիր է որպես պատմական կերպար կամ երգի հերոս, իսկ որպես պետական մտածողության և ռեալ-պոլիտիկի գործոն, այն այս պահին անելիք չունի։

Կարծում եմ շարժումը ունենալու է չդադարող, վերափոխվող բնույթ. այն կախված չէ վրաններից կամ երթերի թվից, այն պայմանավորված է ազգային և պետական վերածննդի իդեայով։

 

Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծերի խումբ»

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ