«Արար» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանի ստորեւ ներկայացվող հոդվածը լրատվամիջոցներին տրամադրել է նրա պաշտպանական խումբը։
Հայաստանում մեկ ամսից ավել շարունակվող, աստիճանաբար նոր թափ հավաքող և նոր ձևեր ստացող հանրային դիմադրությունն ակնհայտ է դարձրել այն, որ Նիկոլ Փաշինյանի հանրային հենարանն օրըստօրե մաշվում է, և նրա՝ իշխանությունից հեռանալն ընդամենը ժամանակի և ձևաչափի հարց է։
Այս պահին, երբ գրվում են այս տողերը, Փաշինյանը գտնվում է Բրյուսելում, հայտնված բարդագույն երկընտրանքի առաջ՝ սեփական օտարերկրյա պատվիրատուների անթաքույց հարկադրանքի, և երկրի ներսում տարածվող անհնազանդության, որն առ ոչինչ է դարձնելու նրա կողմից հանձն առած ցանկացած նոր հակազգային պարտավորություն։
Այս երկու բևեռների միջև Փաշինյանը փորձելու է դեռ մանևրել, և իրեն հատուկ ոճով փորձել «ֆռռացնել» յուրաքանչյուրին, բայց ի վերջո, նրա խաղի վախճանն արդեն երևում է, և կարող է ամեն պահի վրա հասնել ցանկացած կտրուկ իրադարձության արդյունքում։
Իրական ընտրությունն ուստի ոչ թե Փաշինյանի մնալու և գնալու միջև է այսօր, այլ նրա հեռանալուց հետո Հայաստանի ընտրած ուղու։
Ու, թեև հանրային քննարկումն այսօր ավելի շատ կենտրոնացած է այն թեմայի շուրջ, թե ով է գալու Փաշինյանի փոխարեն, իրականում պետք է կենտրոնանալ այն հարցի վրա, թե ինչ է տեղի ունենալու Փաշինյանից հետո, և որոնք են այն արմատական փոփոխությունները, որոնք մենք պետք է մտցնենք մեր կյանքում, որպեսզի դուրս գանք պատմական ձախորդությունների անվերջ կրկնվող այս շրջափուլերից, և ի վերջո կառուցենք հարատևող և կենսունակ պետականություն։
Այս իմաստով պետք է լինել անկեղծ և ընդունել, որ Փաշինյանը թեև մեր դժբախտությունների խորհրդանիշն է և կենդանի մարմնացումը, բայց, բնավ, ոչ պատճառը։ Իրական պատճառը կամ պատճառները պետք է փնտրել հայության առնվազն 600 տարի տևած անպետական գոյության մեջ, որի ընթացքում մենք կորցրել ենք մեր ազգային ժառանգության մեծ մասը, մեր արժանիքները տարրալուծվել են օտար միջավայրում, միասնական և վճռական պայքարի փոխարեն մեր մեջ բույն է դրել հարմարվողականությունն ավանդական ստեղծարար ոգու կողքին, լայն տարածում է ստացել ծուլությունը, մանրախնդրությունը, տգիտությունն ու անբարտավանությունը։
Մեր ազգային վերազարթոնքը, թե՛ 19-րդ դարի, և թե՛ 20 -րդ դարի վերջում արդյունք է եղել կրթված, ստեղծագործ և պայքարող փոքրամասնության գերմարդկային ճիգերի, սակայն ամեն անգամ հանդիպելով մեծամասնության խորապես արմատացած նյութապաշտությանը, օտարամոլությանը և հարմարվողականությանը, ի վերջո, դանդաղ մարել է, մեզ կանգնեցնելով պետականության կորստի առաջ 1921 թվականին, և 101 տարի անց էլ տառացիորեն նույն ուրվագծերով կրկնվող սցենարով․ գիշատիչ և հայատյաց թուրք-ադրբեջանական տանդեմի նոր ճնշումներ, իր ուժերի մեջ անվստահ և մեր հաշվին զիջումների պատրաստ Ռուսաստան, հեռվից հեռու խոստումներ շռայլող, բայց խորապես անտարբեր Արևմուտք և այս ավանդական մուրճի, զնդանի և մեխի միջև մնացած, թույլ և շփոթահար Հայաստան, որը ստիպված է ընտրել նորից վատի և վատագույնի միջև։ Սակայն, ի տարբերություն 100 տարի առաջ տեղի ունեցած Հայաստանի կազմաքանդման և պետականազրկման գործարքի, այսօր իրավիճակը թեև արտաքնապես նման է, բայց ունի նաև էական տարբերություններ։
Չթվելով բոլոր դրանք՝ ընդամենն ընդգծենք, որ հայության պայքարի ներուժն այսօր բոլորովին էլ սպառված չէ, և հայությունը Հայաստանում, Արցախում և Սփյուռքի հայաստանակենտրոն համայնքներում ունակ է առնվազն նոր կռիվ տալ և կանգնեցնել թեկուզ առժամանակ հայկական պետության կազմաքանդման սկիզբ առած ընթացքը և ժամանակ շահել կենսականորեն անհրաժեշտ փոփոխությունների համար։
Ո՞րն է այս փոփոխությունների էությունը։ Գաղտնիք չէ, որ իրենց ներկա տեսքով Հայաստանը և Արցախը կորցրել են աշխարհաքաղաքական կարևորության զգալի մասը և սահմանափակ արժեք ունեն տարածաշրջանային քաղաքական հարթակում։ Որպեսզի մենք վերականգնենք այդ արժեքն ու կշիռը, առաջիկա քսան և ավել տարիների ընթացքում պետք է տեղի ունենա առնվազն երեք արմատական փոփոխություն, ընդ որում, երեքն էլ միասին։
Առաջինը, Հայաստանի բնակչությունը 30 տարվա անասելի նվազումից հետո պետք է նորից սկսի աճել, Հայաստանում (ներառյալ Արցախը) բնակչության աճը պետք է սկսի գերազանցել հարևան թուրքական պետություններում բնակչության աճի տեմպերը։
Երկրորդը՝ Հայաստանի տնտեսությունն արմատապես պետք է վերակառուցվի, դրա աճի տեմպերը պետք է թույլ տան յուրաքանչյուր 10 տարվա ընթացքում առնվազն կրկնապատկել համախառն արդյունքը, իսկ որակական կազմով, այն պետք է դառնա տեխնոլոգիապես ավելի զարգացած, քան հարևան յուրաքանչյուր երկրի դեպքում։
Եվ վերջապես, հայկական բանակը, մնացած զինված ուժերը և անվտանգային համակարգն ամբողջությամբ պետք է դառնան տարածաշրջանում լավագույնը և առնվազն իրենց որակով չզիջեն մեր հարևաններից ոչ մեկին։
Այս երեք փոփոխությունների ապահովման պայմաններում Հայաստանը կվերականգնի իր կշիռը, կկարողանա նորից վստահ դիրքերից խոսել իր ոխերիմ հարևանների հետ և հետևողականորեն առաջ մղել իր ազգային շահերը։
Սակայն, այդ բաղձալի կետին դեռ պետք է հասնել, և այս պահին այնտեղ տանող ճանապարհը պատված է մշուշով և անիրական է թվում։ Այս ճանապարհի մասին, և այն մասին, թե ինչպես այս ամենն իրականություն դարձնել, կխոսենք մեր հաջորդ հոդվածներում։ Այժմ ընդամենը նշեմ, որ մեր իրական ընտրությունը ծույլ ու հարմարվող իներցիայով դեպի իր վախճանը գլորվող Հայաստանի միջև է և Հայաստանի, որն ի մի է բերում իր ողջ ստեղծարար պայքարի ներուժն ու առաջիկա տասնամյակներին լծվում է ծանր աշխատանքի և պայքարի սեփական հարատևությունն ապահովելու համար։ Այսօր Հայաստանի փողոցներ դուրս եկած հանրությունը պետք է կատարի այս վճռական ընտրությունը, և ոչ միայն հեռացնի պարտվողական և թուլամորթ իշխանությանը, այլև անձնական և կոլեկտիվ ընտրությամբ պատրաստ լինի առաջիկա տարիների ընթացքում վճռական գործերով, պայքարով և պատասխանատու առաջնորդությամբ կերտել մեր երազանքների ուժեղ և հարատևող հայկական միասնական պետությունը։
Ձեր՝ Ավետիք Չալաբյան
Հիշեցնենք, որ «Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին անհիմն, առանց որևէ արժանահավատ ապցույցի և քրեադատավարական ընթացակարգերի կոպտագույն խախտումներով մեղսագրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարքը։ Արարք, որն արդեն ընդունված և սույն թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող քրեական օրենսգրքով ապաքրեականացված է: Միտումնավոր հետապնդման և քաղաքական պատվերի դրսևորում է նաև այն փաստը, որ հայտնի ակնհայտ մոնտաժված ձայնագրության հրապարակումից երեք օր անց Ավետիք Չալաբյանը շարունակել է իր բնականոն կյանքը, որևէ կերպ չմիջամտելով քննությանը, չթաքնվելով, սակայն, դա անտեսվել է և այնուամենայնիվ Ա․Չալաբյանի նկատմամբ անհասկանալի հիմնավորմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը