Մայիսի 18-ին վաղ առավոտից մեկնարկած բողոքի խաղաղ ակցիաների ընթացքում ոստիկանական ուժերի կողմից աննախադեպ բիրտ ու անհամաչափ ուժ է կիրառվել ցուցարարների նկատմամբ: Ապօրինի կերպով բերման ենթարկված քաղաքացիների զգալի մասը, որոնց շարքերում քիչ չեն նաև կանայք և տարեցները, ակնհայտ բռնության է ենթարկվել, կան տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացած բազմաթիվ քաղաքացիներ: Նման հայտարարությամբ է հանդես եկել «Հայրենիք» կուսակցությունը։
«Առանձնահատուկ ուշադրության է արժանի ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ բիրտ ուժի կիրառումը, որն այսօր արդեն աննախադեպ դրսևորումներ ստացավ: Ոստիկանության հակաօրինական գործողությունների փաստերն արձանագրված և փաստագրված են բազմաթիվ լրատվամիջոցների կողմից:
Անգամ արձանագրվել է դեպք, երբ քաղաքացին բարձրախոսով ոստիկանությանն իրազեկել է խաղաղ ակցիայի ավարտի մասին, սակայն նույնիսկ դրանից հետո ոստիկանները ֆիզիկական բիրտ ուժ կիրառելով մայթերից քաղաքացիներին ապօրինի բերման են ենթարկել ոստիկանության բաժիններ:
«Հայրենիք» կուսակցությունը խստորեն դատապարտում է բողոքի խաղաղ ակցիաներ իրականացնող քաղաքացիների և անձեռնմխելիությամբ օժտված ԱԺ պատգամավորների նկատմամբ ոստիկանության նման կեցվածքը:
Ակնհայտ է, որ իրավապահ համակարգը կոնկրետ հանձնարարականներ է ստացել ամեն գնով սեփական աթոռը պահել փորձող այս իշխանություններից, իսկ նման գործելաոճն իշխանությունների՝ հոգեվարքի մեջ գտնվելու հերթական ապացույցն է:
«Հայրենիք» կուսակցությունը մայիսի 18-ին տեղի ունեցած դեպքերի առնչությամբ դիմում է ոստիկանության ծառայողներին՝ կոչ անելով ձեռնպահ մնալ հակաօրինական գործողություններ կատարելուց, գործել բացառապես օրենքի և օրինականության շրջանակներում:
«Հայրենիք» կուսակցությունը դիմում է նաև միջազգային հանրությանն ու իրավապաշտպան կազմակերպություններին՝ այդ թվում ՀՀ-ում գործող միջազգային կառույցներին և դիվանագիտական ներկայացուցչություններին՝ ակնկալելով հստակ գնահատականներ:
Հետևողական ենք լինելու բռնության յուրաքանչյուր դեպքի բացահայտման ուղղությամբ, իսկ ՀՀ քաղաքացու, խաղաղ ցուցարարի նկատմամբ ապօրինի գործողություններ կատարողները պատասխան են տալու օրենքի ողջ խստությամբ»,- նշված է հաղորդագրությունում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը