Sputnik Արմենիան գրում է.
«Իշխանական պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը կոչ է անում ոստիկանությանը և ԱԱԾ-ին հավաքագրել ակցիաների ժամանակ բերման ենթարկված տղաների տվյալները և փոխանցել ՊՆ-ին։
ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ ԶՈւ զորահավաքային պլանը և դրա շրջանակներում իրականացվող միջոցառումները չեն կարող ընտրովի լինել։ Բացի այդ, հատկապես ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն իրավունք չունի նման անհիմն հայտարարություններ անելու։
«Արդյո՞ք նույն հանձնաժողովը մինչև 44-օրյա պատերազմը և այդ ընթացքում և դրանից հետո վերահսկողություն իրականացրել է, թե ինչպես է իրականացվել ԶՈւ զորահամալրման բոլոր միջոցառումները։ Ոչ մի բան էլ չեն արել, մատը մատին չեն խփել` իրենք իրենց ղեկավարի հետ միասին տապալել են մոբիլիզացիոն ամբողջ ծրագիրը»,- ասաց Օհանյանը։
Նա համոզված է, որ ակցիաների մասնակիցների մեծ մասը ծառայել են և մասնակցել պատերազմի։ Բացի այդ, նրանք իրենց ակցիաներն իրականացնում են օրենքի շրջանակում։ Սա, ըստ Օհանյանի փաստում է, որ իշխանությունը ճնշումներ է գործադրում այն մարդկանց նկատմամբ, որոնք իրենց ըմբոստությունն են արտահայտում, գաղափարական իրենց շարժումն են իրականացնում։
«Խորհուրդ կտամ Քոչարյանին, որ իր կողքը նայի և տեսնի` ովքե՞ր են այն մարդիկ, որ բանակում չեն ծառայել և այսօր էլ թաքնված են տարբեր տեղերում։ Ո՞վ է խանգարում այսօրվա իշխանություններին մոբիլիզացիա իրականացնել ըստ ծրագրի և համալրել բանակը, լուծել բանակի առջև ծառացած խնդիրները։ Ի՞նչ է` հաշվառումը, հավաքագրումը և ճշտումը վերաբերում են միայն ընդդիմությա՞նը, անհատների և այն քաղաքական ուժերին, որոնք պայքարում են այս երկիրը թրքահպատակության տանող իշխանությունների դե՞մ»,- ասաց Օհանյանը։
Նա նշեց` ինչո՞ւ կառավարության աթոռին կառչած անձը ժամանակին մոբիլիզացիա չի արել և ինչո՞ւ է մտածում միայն իր աթոռի մասին։ «Այս ամենը ցույց է տալիս, որ Անդրանիկ Քոչարյանի արտահայտություններում քաղաքական հետապնդման տարր կա, ավելի ճիշտ, սա դասական քաղաքական հետապնդում է։ Նրանք ևս մեկ անգամ ապացուցում են, որ իրենց ղեկավարության ժամանակ զորային կառույցը, զինվորական ծառայությունը փորձում են քաղաքական հետապնդման վերածել` հայ ժողովրդի, հայ երիտասարդ ավյունի նկատմամբ` չնայած որ դրա շնորհիվ է, որ ամբողջ պատմության ընթացքում կարողացել ենք պահպանել մեր ինքնությունն ու ծնկի չիջնել հակառակորդի առջև»,- իր խոսքն ամփոփեց Օհանյանը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը