Այսօր Հայաստանի ճակատագիրը որոշվելու է Երևանում և այս հրապարակում, հայտարարեց Դիմադրության շարժման կազմակերպիչներից Իշխան Սաղաթելյանը՝ Ազատության հրապարակում ընթացող բողոքի ակցիայի ժամանակ։
Իշխան Սաղաթելյանը հիշեցրեց՝ մայիսի 1-ին, ժամը 16։00-ին հենց այստեղ է տեղի ունենալու գլխավոր և ամենակարևոր հանրահավաքը։
«Այդ օրը մենք վերջ ենք դնում պարտության և խայտառակության էջին և սկսում ենք կերտել նոր արշալույս։ Այդ օրը այս հրապարակում «սևեր» և «սպիտակներ» չեն լինելու։ Այդ օրվանից սկսած՝ այս հրապարակում կուսակցական, ՀՅԴ-ական, ՀՀԿ-ական, քոչարյանական, սարգսյանական վանեցյանական այլևս չի լինելու, լինելու է միասնական հայ ժողովուրդ, որը դուրս է եկել պայքարի՝ հանուն իր երկրի»,- ասաց նա։
Ընդդիմադիր գործչի խոսքով՝ այս սկզբունքին պետք է հետևեն բոլորը։
«Այդ պահից սկսած՝ հրապարակում լինելու է հայ ժողովուրդը։ Սա իշխանության և ընդդիմության պայքար չէ, սա համաժողողովրդական և համազգային պայքար է»,- հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։
Նա հավելեց՝ երկրի վիճակը ծանր է, սեղանին դրված է Հայաստանի լինելիության հարցը․ քաղաքական ուժերը ստանձնել են պայքարն առաջնորդելու պատասխանատվությունը, իսկ պայքարի դուրս եկած քաղաքացիներից ակնկալում են աջակցություն։
«Մեր թիկունքը պինդ պահեք, մենք ձեր կողքին, ձեզանից առաջ պատրաստ ենք շարժվել և րոպե առաջ այս չարիքի իշխանությանը հեռացնել։ Սրանց հեռացնելուց հետո այս երկրում լինելու է համերաշխություն, անվտանգություն, հանդարտություն և կայունություն»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը