29 04 2022

Նիկոլ Փաշինյանի խաղաղության օրակարգը Արցախում որևէ մեկը չի ընդունում. Արթուր Մոսիյան․ News.am

Նիկոլ Փաշինյանի խաղաղության օրակարգը Արցախում որևէ մեկը չի ընդունում. Արթուր Մոսիյան․ News.am

News.am-ը գրում է․ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն իր խոսքում ասաց, որ Արցախում կա քաղաքական կոնսենսուս եւ նկատի ուներ Ազգային ժողովում բոլորի կողմից ընդունված միասնական հայտարարությունը՝ ի պատասխան ապրիլի 13-ին Նիկոլ Փաշինյանի հայտարարության, որտեղ նա խոսել էր Արցախի կարգավիճակի հարցում նշաձողն իջեցնելու մասին:  Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արթուր Մոսիյանը:

«Արայիկ Հարությունյանը խոսեց նաեւ ինքնորոշման իրավունքի մասին եւ ասաց, որ մենք անկախության ուղուց չենք շեղվելու: Սրա շուրջ կա քաղաքական կոնսենսուս»,-ասաց նա:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ իրենց օրակարգն այն է, որ արցախցին ապրի Արցախում, իրեն համարի արցախցի, ղարաբաղցի և հայ, Մոսիյանն ասաց. «Դա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը քաղաքական օրակարգը տանում է երկրորդ պլան եւ մանիպուլյատիվ հայտարարություններ է անում: Արցախցին հիմա էլ է ապրում Արցախում եւ ապրում է որպես հայ: Հետո՞: Մենք խոսում ենք Արցախի հարցի լուծման, Արցախի կարգավիճակի մասին: Վերջիվերջո, արցախցին հանրաքվեով անկախացել է, 44-օրյա պատերազմի արդյունքում օկուպացվել են Արցախի տարածքները, մենք ընդունել ենք բռնազավթված տարածքների մասին օրենք, բազմիցս հայտարարել ենք, որ բացառվում է, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում: Նիկոլ Փաշինյանը փոխանակ այս հարցերի պատասխանը տա, ասի՝ համաձայն է արցախցու հետ, թե ոչ, ինքը հայտարարոեւմ է, թե արցախցին պետք է ապրի Արցախում: Կարծում եմ՝ ինքը սրանով օրակարգից շեղվում է: Նա խոսւափում է խոսել Արցախի ինքնորոշման իրավունքից: Մենք մեր անկախության ուղուց չենք շեղվելու եւ կարգավիճակի հարցը պետք է լուծվի ինքնորոշման իրավունքի վրա»:

Ինչ վերաբերում է խաղաղության օրակարգին, ՀՅԴ-ական գործիչն ասաց. «Որեւէ մեկը ավելի քան արցախցին, խաղաղության գինը չգիտե, որեւէ մեկը դեմ չէ արժանապատիվ խաղաղությանը: Դա չի տեղավորվում Նիկոլ Փաշինյանի խաղաղության օրակարգի մեջ: Երբ ինքը սկսեց խոսել խաղաղության դարաշրջանից, մենք ունեցանք կորուստներ, ունեցանք զոհեր, տարածքների կորուստներ: Սա Նիկոլ Փաշինյանի խաղաղության օրակարգն է, սա արցախցիների պատկերացրած խաղաղության օրակարգը չէ: Արցախցին կողմ է արժանապատիվ խաղաղության օրակարգին՝ առանց Նիկոլ Փաշինյանի»:

Արթուր Մոսիյանը կրկնեց, որ Արցախում քաղաքական կոնսենսուսը նրա շուրջ է, որ Արցախը պետք է ինքնորոշվի  եւ անկախության ուղին շարունակի. «Կոնսենսուսը դրա շուրջ է, իսկ մնացածը մանիպուլյացիաներ են, որ արցախիներն ընդունել են խաղաղության օրակարգը: Նիկոլ Փաշինյանի խաղաղության օրակարգը Արցախում որեւէ մեկը չի ընդունում: Արցախցին դեմ չէ արժանապատիվ խաղաղությանը, մեր պատկերացրած արժանապատիվ խաղաղության օրակարգը եւ Նիկոլ Փաշինյանի խաղաղության օրակարգը իրար հետ որեւէ կապ չունեն: Նիկոլ Փաշինյանինը խաղաղություն մուրալու օրակարգ է»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ