13 04 2022

Նիկոլ Փաշինյանը կրկին ստում է․ Սերժ Սարգսյան

Նիկոլ Փաշինյանը կրկին ստում է․ Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել է ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարություններին։

«Վարչապետի աթոռը զբաղեցնող անձը ԱԺ-ի այսօրվա ելույթում հերթական անգամ ի ցույց դրեց ստախոսի և մանիպուլյատորի իր ողջ էությունը: Նա կրկին ստում է և փորձում մոլորեցնել հանրությանը, այդ թվում՝ ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացի մասին խոսելիս:

Իմ պաշտոնավարման ամբողջ ժամանակաշրջանում ես երբեք չեմ բանակցել Արցախի հիմնախնդիրը փուլային տարբերակով լուծելու շուրջ:

Վարչապետի աթոռը զբաղեցնող անձը կա՛մ մինչև հիմա չի հասկացել փուլային և փաթեթային տարբերակների տարբերությունը, կա՛մ գործի է դրել իր հիմնական զենքը՝ մանիպուլյացիան:

Փուլայինի և փաթեթայինի տարբերության մասին մի քանի անգամ հրապարակային խոսել եմ, նաև հանգամանորեն բացատրել, որ փաթեթային տարբերակը չի կարող կյանքի կոչվել մեկ օրում կամ մեկ ժամում, այլ միանշանակ պետք է լուծվի փուլերով:

Թող վերընթերցի տարբեր ժամանակահատվածներում իմ տված հարցազրույցները և որքան էլ իր համար դժվար լինի, հասկանա այդ երկու տարբերակների տարբերությունը և առանձնահատկությունները:

Ի դեպ, վերոհիշյալ թեմայով ասածներս հաստատել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Էլ չեմ խոսում իր կողմից «կառուցողական» բնորոշված Ալիևի խոստովանությունների մասին»:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովում այսօր Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ իր սեղանի դրված բանակցային փաստաթղթի «վերնագիրը եղել է հետեւյալը. «ԼՂ կարգավորման առաջին փուլի եւ հետագա քայլերի մասին»: Այսինքն այն մարդը, որն ասել է, որ փուլային լուծումը պարտվողականություն է, 2018-ին բանակցային սեղանին թողել է մի թուղթ, որի վերնագիրը դա է: Այսինքն փուլային լուծման դեմ իշխանափոխություն անող մարդը եկել հանգել է նորից փուլային լուծման: Բայց այդ փուլային լուծման մեջ այնքան տրոհումներ կան: Դա փուլային տարբերակ չէր, հիպերփուլային տարբերակ էր»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ