Հայաստանի հանրապետությունը մարտի 13-ից նոր նախագահ ունի: Վահագն Խաչատուրյանը այդ օրը հանդիսավոր կերպով երդվեց «հավատարիմ լինել ՀՀ սահմանադրությանը, լինել անաչառ և առաջնորդվել համապետական շահերով»:
Դրան հաջորդեցին մի շարք իրադարձություններ: Մասնավորապես, հակառակորդը կարողացավ առաջխաղացում ունենալ Կապանի Ներքին Հանդ գյուղում՝ փաստացի խախտելով ՀՀ սուվերեն տարածքը: Մի քանի անգամ Արցախի բնակչությունը զրկվեց գազամատակարարումից: Արցախում սրվեց իրավիճակը, ադրբեջանական զինված ուժերը խախտեցին Արցախի շփման գիծը և ներխուժեցին Արցախի Փառուխ գյուղ։
Հակառակորդի ձեռնարկած սադրանքների, մասնավորապես` Bayraktar TB-2 տեսակի հարվածային անօդաչու թռչող սարքերի կիրառման հետևանքով զոհվեցին ՊԲ պայմանագրային զինծառայողներ Դավիթ Ռոբերտի Միրզոյանը (ծնվ. 1978թ.), Իշխան Սերժիկի Օհանյանը (ծնվ. 1994թ.) և Արարատ Վագիֆի Թևոսյանը (ծնվ. 1990թ.):
Տեղի ունեցավ Փաշինյան-Ալիև հանդիպում և ձեռք բերվեցին պայմանավորվածություններ, որոնք ադրբեջանական կողմը գնահատեց որպես Բաքվի շահերից բխող:
Իսկ ի՞նչ էր անում այս օրերին ՀՀ նորընտիր նախագահը: Վահագն Խաչատուրյանն ակտիվ հանդիպումներ էր ունենում Hայաստանում հավատարմագրված դեսպանների հետ: Կմտածեք՝ ներկայացնում էր իրավիճակը Արցախի շուրջ, մտահոգություններ էր հայտնում, բայց ոչ, ծանոթանում էր:
Նա ներկա է գտնվել ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին: Ապա շնորհավորական ուղերձ է հղել Սենեգալի նախագահ Մակի Սալին:
Վահագն Խաչատուրյանը հասցրել է նաև հանդիպել «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանին, ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանին և փոխնախագահ Արմեն Նիկողոսյանին:
Այնուհետև հանդիպել է ԵՊՀ գիտական խորհրդի անդամների հետ և այցելել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն: Ապրիլի 2-ին հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին:
Դե իսկ ապրիլի 7-ին էլ Նախագահ Վահագն Խաչատուրյանը Մայրության և գեղեցկության օրվա առթիվ հյուրընկալել է տարբեր բժշկական հաստատությունների մի խումբ կանանց: Եվ ըստ տարածված լուսանկարների՝ հասցրել է անգամ դաշնամուր նվագել նրանց համար:
Վերջում նորից հիշեցնենք երդման տեքստը և իր լիազորությունների մասին Խաչատուրյանի գնահատականը:
«Ստանձնելով ՀՀ նախագահի պաշտոնը՝ երդվում եմ՝ հավատարիմ լինել ՀՀ սահմանադրությանը, իմ լիազորություններն իրականացնելիս լինել անաչառ, առաջնորդվել միայն համապետական և համազգային շահերով»:
«Հանրապետության նախագահի լիազորությունները բավական են, որպեսզի ինքը լիարժեք հանդես գա որպես իշխանության գլուխ»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը