06 04 2022

Պայքարը շարունակում են նաև մեր այն ընկերները, ովքեր գտնվում են ՔԿՀ-ներում․ Ագնեսա Խամոյան



Ինչպես  արդեն տեղեկացրել ենք «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արամ Վարդևանյանը, Արթուր Սարգսյանը, Իշխան Սաղաթելյանը և Ագնեսա Խամոյանը այսօր՝ ապրիլի 6-ին այցելել Վարդաշեն ՔԿՀ «Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանին տեսակցության։

«Նարեկ Մանթաշյանը անկոտրում էր և երեկվա հանրահավաքով շատ տպավորված էր։ Ցավոք նա ֆիզիկապես չէր կարող ներկա լինել հանրահավաքին, բայց ներկա են եղել նրա ընտանիքի անդամները, որդին։ Նարեկ Մանթաշյանը խնդրել է փոխանցել, որ պայքարը շարունակվում է, շարունակվում է նոր թափով և երեկվա մեր հանրահավաքը դրա մասին էր։ Սա մեկնարկն էր և սա ունենալու է շարունակականություն։ Նարեկ Մանթաշյանը ևս վերահաստատեց դրա կարևորությունը»,- տեսակցությունից հետո լրագրողներին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։

Պատգամավորի խոսքով, իրենց այցը Նարեկ Մանթաշյանին խորհրդանշական է․

«Մենք այլ գործընկերների, ցավոք, չկարողացանք տեսնել, որովհետև միայն Նարեկ Մանթաշյանի տեսակցությունների արգելանքն է դուրս եկել, բայց մեր այցը խորհրդանշական էր, որ պայքարը շարունակվում է անկախ նրանից, թե մեզ որքան կճնշեն, դեռ ում կբերեն, պայքարը շարունակում են բոլոր այն մարդիկ, մեր համախոհները և մեր ընկերները, ովքեր գտնվում են այս շենքում կամ ՀՀ այլ կալանավայրերում»։


Խամոյանը կարևորելով ընդդիմության ապրիլի 5-ին հրավիրած հանարահավաքը՝ նշեց, որ այդ հանրահավաքով մի քանի միֆեր կոտրվեցին․

«Առաջին միֆը, թե հայ ժողովուրդը երես է թեքել Արցախից, երեկ 15-17 հազար մարդ է ներկա է գտնվել հանրահավաքին, մարդիկ իրենց ներկայությամբ ցույց տվեցին, որ Արցախի կողքին են, որ Արցախը միևնույն չէ հայ ժողովրդի համար։ ՀՀ-ում ապրող քաղաքացիների համար դա ամենակարևոր արձանագրումն էր։ Երկրորդ կարևոր արձանագրումը՝ սին էին բոլոր այս ընթացքում հնչած խոսքերը, որ խորհրդարանական ընդդիմությունը չունի այլևս աջակցություն, կորցրել է իր աջակցությունը խորհրդարան գնալուց հետո, դա ևս փշրվեց։ Եվ  ամենակարևորը՝ ժողովրդի անունից երեկ կայացված սկզբունքների հրապարակումն էր, հայտարարության տեքստի, կարելի է ասել հռչակագրի ընդունումը․․․»,- նշեց Խամոյանը վերահաստատելով, որ պայքարը շարունակվում է և նոր թափ է ստանալու։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ