Ճգնաժամային այս պահին, մեր անվերապահ զօրակցությունն ենք հայտնում Հայաստանի Հանրապետության խորհրդարանական ընդդիմության նախաձեռնած ապրիլի 5-ին կայանալիք հանրահավաքին ու դրան հաջորդող դիմադրական բոլոր քայլերին: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ Հարավային Իրանի Կենտրոնական Կոմիտեն:
Հայտարարությունում ասվում է. «Վերջերս տարածաշրջանում առաջացած անկայուն վիճակից օգտվելով, Ադրբեջանը կրկին անգամ իր սադրիչ գործողություններն է իրականացնում Արցախում, նպատակ ունենալով՝ Արցախը հայաթափելու եւ ի վերջո իր հայաջնջման վաղեմի ծրագիրն իրականացնելու:
Ցավոք, ՀՀ իշխանությունը, որը բազմաթիվ անգամներ ապացուցել է, որ չի կարողանում պաշտպանել հայ ժողովրդի, Արցախի եւ Հայաստանի շահերը, այս ամենի դիմաց, կառչելով «խաղաղության դարաշրջան» թրքահաճո գաղափարին, ընդունելի է համարում բանակցային սեղանին դրված ադրբեջանական ու թուրքական բոլոր նախապայմանները:
Զիջումներով եւ անձնատվողական վարքագծով իշխող ներկա վարչախմբի միակ նպատակը իշխանության երկարաձգումն է՝ ի հեճուկս հայրենի ժողովրդի անվտանգության ու լինելության:
Այսօր ազգովի՝ Հայաստան, Արցախ եւ Սփյուռք, դարձյալ կանգնած ենք մեր ուժերի գերլարման հրամայականի դեմ հանդիման, որպեսզի համազգային դիմադրությամբ կատարենք մեր հայրենատիրությունը: Այս օրհասական պահերին խիստ հարկավոր է մի կողմ դնելով արցախյան 44-օրյա պատերազմից եւ դրանից հետո մեր մեջ առաջացած հիասթափությունը, հանուն հայրենի հողի պաշտպանության եւ այդ ճանապարհին ընկած հերոսների, տեր կանգնենք Արցախին ու Հայաստանին:
Հայ Յեղափոխական Դաշնակցության Հարավային Իրանի կառույցը՝ իր ողջ ներուժով, Արցախի եւ Հայաստանի կողքին է, հայ զինվորի եւ հայկական բանակի կողքին է: Ճգնաժամային այս պահին, մեր անվերապահ զօրակցությունն ենք հայտնում Հայաստանի Հանրապետության խորհրդարանական ընդդիմության նախաձեռնած ապրիլի 5-ին կայանալիք հանրահավաքին ու դրան հաջորդող դիմադրական բոլոր քայլերին:
Վերականգնենք ու վերակերտենք մեր հաղթական երթը, մեր հստակ ՈՉ-ը արձանագրելով բոլոր ձեւաչափերով զիջումներին եւ պարտվողական քաղաքականություններին:
Ազգովի դիմադրելով պաշտպանենք Արցախը, պաշտպանենք Հայաստանը»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը