02 04 2022

Իշխանությունը փորձում է ժողովրդից խլել իշխանություն ձևավորելու սահմանադրական իրավունքը. Արսեն Բաբայան

Իշխանությունը փորձում է ժողովրդից խլել իշխանություն ձևավորելու սահմանադրական իրավունքը. Արսեն Բաբայան

«Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանը գրում է.

«Լրացուցիչ հիմնավորում այն մասին, որ ՏԻՄ մասին օրենքի վերջին փոփոխությունը, ինչով իշխանությունը փորձում է յուրացնել Վանաձորի համայնքային իշխանությունը, չի կարող տարածվել Վանաձոր համայնքի նկատմամբ։

Այսպես, Ավագանու լիազորությունները ստանձնելուց հետո սպասվող առաջին նիստում, ըստ օրենքի, Ավագանին պետք է ընտրեր համայնքի ղեկավարի։ Սակայն Ավագանու անդամների իշխանական և իշխանամերձ հատվածը (հետագա տեքստում՝ իշխանական հատված) տեղեկացվել էր, որ վարչական դատարանը որպես հայցի ապահովման միջոց արգելել է համայնքի ղեկավարի ընտրությունը։

Այսինքն, ավագանու իշխանական հատվածը տեսնելով, որ անկախ իր կամքից անհնար է դառնալու օրակարգում ընդգրկված հարցով քվեարկությունը, պարզապես չէր մասնակցել այդ նիստին։ Սակայն նույն իշխանական հատվածի հետագա գործողությունները հստակ ապացուցեին, որ Ավագանին գործում է, քանի որ դրանից հետո հրավիրված նիստին, որի ընթացքում էլ լիազորություն էր հաստատվել, նրանք մասնակցել են և քվեարկել։ Նախ քվեարկել են օրակարգը հաստատելու օգտին, այնուհետև՝ օրակարգում ընդգրկված հարցին քվեարկել են դեմ։ Բայց քանի որ իշխանական հատվածը Վանաձորում փոքրամասնություն է եղել, որոշումն ընդունվել է ընդդիմության միասնական ձայների առավելությամբ։

Բացի այն, որ արդեն գումարվել է առաջին նիստը, սա նաև հստակ ապացույցն է այն հանգամանքի, որ Ավագանին գոյություն ունի, իր լիազորությունները իրականացնում է պատշաճ, դրա շրջանակներում չի կարողանում ընտրել համայնքի ղեկավար, քանի որ այդպիսի արգելք է սահմանվել վարչական դատարանի կողմից։

Այս առումով հավանաբար շնորհակալություն է պետք հայտնել հատուկ հանձնարարություններով հայցվոր Էդմոն Մարուքյանին, որ, իր կամքից անկախ, իր ապօրինի բողոքներով նպաստեց Ավագանու գործունեության շարունակականությանը։ Հակառակ դեպքում իշխանությունը կկարողանար վերջին փոփոխությամբ նշանակեր Վանաձոր համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, այնուհետև անցկացնել ապօրինի արտահերթ ընտրություններ։

Եթե իշխանությունը փորձի որևէ մեկին նշանակել Վանաձոր համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, ապա անհրաժեշտ եմ համարում դիմել դատարան և պաշտպանել Վանաձորի բնակիչների մեծամասնությանը, որոնք ընտրել են իրենց համայնքի ավագանուն, սակայն իշխանությունը փորձում է ժողովրդից խլել իշխանություն ձևավորելու սահմանադրական իրավունքը։

Որևէ մեկը, եթե համաձայնվի այս պայմաններում իշխանության կողմից ապօրինի նշանակվել Վանաձոր համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, պետք է հռչակվի Վանաձորում ժողովրդավարության թշնամու լիազոր դեսպան»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ