01 04 2022

Հայաստանն Ադրբեջանից կառուցողական դիրքորոշում է ակնկալում շոշափելի արդյունքների համար. ԱԳ նախարար



Հայաստանն Ադրբեջանից կառուցողական դիրքորոշում է ակնկալում շոշափելի արդյունքների հասնելու համար: Այս մասին ասել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտգործնախարար Զբիգնեւ Ռաուի հետ հանդիպումից հետո։

«Բովանդակալից քննարկում տեղի ունեցավ առանձին եւ ընդլայնված կազմով հանդիպման ձեւաչափով։ Անդրադարձ եղավ ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին։ Ես իմ գործընկերոջը ներկայացրեցի Փառուխ գյուղի տարածքում ադրբեջանական ուժերի ներխուժման հետեւանքով ստեղծված իրավիճակի մանրամասները։ Քննարկեցինք Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակին վերաբերող հարցեր: Քննարկեցինք նաեւ տարածաշրջանային խաղաղության եւ կայունության հարցերի լայն շրջանակ, ԵԱՀԿ-ում Լեհաստանի նախագահության առաջնահերթություններն ու հեռանկարները։

Գործընկերոջս ներկայացրեցի նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման գործընթացի զարգացումը»,- ասաց Միրզոյանը։

ԱԳՆ ղեկավարը հայտարարեց, որ ԵԱՀԿ-ում Լեհաստանի նախագահությունը համընկել է Եվրոպայում անվտանգության ամենալուրջ ճգնաժամի՝ Ուկրաինայում ռազմական գործողությունների հետ։ «Պարզ է, որ այս պահին այն իր վրա է կենտրոնացնում ԵԱՀԿ-ի ուշադրության մեծ մասը։ Բայց ակնկալում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը շարունակում է մնալ ԵԱՀԿ օրակարգում։ Դա հատկապես կարեւոր է այս օրերին, երբ Ադրբեջանն օգտագործում է աշխարհաքաղաքական գործընթացները՝ էթնիկ զտումների քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղում շարունակելու համար։ Դրա վառ վկայությունն է մարտի 24-ի ներխուժումը Լեռնային Ղարաբաղի տարածք՝ Փառուխ գյուղ, որը գտնվում է ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում։ Վիճակը շարունակվում է մինչ օրս։ Ներխուժմանը եւ ռազմական գործողություններին նախորդել են գյուղերի եւ քաղաքացիական ենթակառուցվածքների չդադարող գնդակոծությունները, Ադրբեջանը վնասել է Լեռնային Ղարաբաղ գազ մատակարարող կենսական նշանակություն ունեցող գազատարը, ընդ որում, արել է դա ցուրտ եղանակին։ Ադրբեջանի ներխուժումը ծրագրված ագրեսիա էր, ինչն ակնհայտ արհամարհանք է 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությամբ ընդունված իր պարտավորությունների նկատմամբ»,- ընդգծեց Միրզոյանը։

Նախարարը արձանագրեց, որ ԵԱՀԿ գործող նախագահի եւ համաշխարհային հանրության հստակ արձագանքը իրավիճակի պահանջ է դառնում, իսկ մարդասիրական կազմակերպությունների անարգել մուտքը Լեռնային Ղարաբաղ պարտադիր է հումանիտար ճգնաժամի կանխման համար։

Արտգործնախարարը գոհունակությամբ նշեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները հստակ գնահատական ​​են տվել վերջին սրմանը՝ արձանագրելով, որ դա ադրբեջանական զորքերի առաջխաղացման արդյունքն է։

Արարատ Միրզոյանը հիշեցրեց, որ 44-օրյա պատերազմից նույնիսկ մեկուկես տարի անց Ադրբեջանը, գերիներ եւ պատանդներ պահելով, շարունակում է խախտել ՄՀԻ-ը եւ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը:

«Հայաստանը բոլոր փուլերում հանդես է եկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման օգտին։ Եւ հիմա՝ նույնպես։ Ինչպես հայտնի է, Ադրբեջանը որոշ առաջարկներ է ներկայացրել հայկական կողմին։ Մենք դրանք ընդունելի ենք համարել՝ միաժամանակ նշելով, որ դրանք թերի են եւ լրացրել ենք մեր առաջարկներով՝ հավելելով, որ մեզ համար սկզբունքային է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի եւ իրավունքների խնդիրը։ Ակնկալում ենք, որ Մինսկի խմբի համանախագահությունը, այնուամենայնիվ, կկարողանա խաղաղ բանակցություններ կազմակերպել այս օրակարգով եւ մոտ ապագայում խաղաղության համաձայնագիր կնքելու համար»,- նշել է նախարարը՝ հավելելով, որ հայկական կողմը հետեւողական է այս հարցում, ինչպես նաեւ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, 2021 թվականի հունվարի 11-ին եւ 2021 թվականի նոյեմբերի 26-ին ստորագրված հայտարարությունների շրջանակում ստանձնած պարտավորությունների կատարման գործում:

Միրզոյանը հաստատեց հայկական կողմի՝ սահմանին կայունության բարելավման համար քայլեր ձեռնարկելու, այնուհետեւ Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման եւ սահմանագծման գործընթացը սկսելու պատրաստակամությունը:

«Ուզում եմ նաեւ նշել, որ, ինչպես գիտեք, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցություններ են ընթանում տրանսպորտային եւ տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ։ Մենք առաջարկներ ենք արել եւ սպասում ենք ադրբեջանական կողմի արձագանքին։ Հավատում ենք, որ կկարողանանք շոշափելի արդյունքների հասնել ինչպես տնտեսական ուղիների ապաշրջափակման, այնպես էլ ավելի լայն իմաստով համապարփակ խաղաղության հաստատման հարցում՝ միջազգային գործընկերների համապատասխան դիրքորոշման եւ, հավանաբար, Ադրբեջանի կառուցողական դիրքորոշման դեպքում»,- նշեց ՀՀ արտգործնախարարը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ