29 03 2022

Փոփոխություններն անխուսափելի են, նոր իրողությունները պահանջելու են նոր իշխանություն. Վահե Հովհաննիսյան

Փոփոխություններն անխուսափելի են, նոր իրողությունները պահանջելու են նոր իշխանություն. Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նաախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը գրել է.

«Աշխարհը մտել է արտահերթ փոփոխությունների փուլ և Հայաստանում նույնպես ամեն ինչ լինելու է արտահերթ։

Աշխարհակարգը ենթարկվում է արտահերթ փոփոխությունների՝ քաղաքական, տնտեսական, ռազմական հարաբերությունների արտահերթ վերանայման։ Լինելու են արտահերթ ճգնաժամներ։

Ուկրաինայի տարածքում արտահերթ ձևավորվելու են նոր պետություններ։

Անմտություն է կարծել, թե Հարավային Կովկասը և Հայաստանը չեն ենթարկվելու արտահերթ փոփոխությունների։

Ցավոք, աշխարհի մեծ փոփոխությունները սկսվեցին փոքր Հայաստանից ու Արցախից։ Այդպես չպետք է լիներ։ Մի փոքր խելամտություն, մի փոքր պետական մտածողություն, և չէր լինի պատերազմը։ Ցավոք, փողոցից եկած հորդաները սա չունեին, իսկ երկրում չգործեցին պետական զսպման ինստիտուտները։

Տարածաշրջանի զարգացումներում փոփոխոթյուններն անխուսափելի են։ Քաղաքական ասպարեզից հեռանալու է Էրդողանը, Ալիևը կորցնելու է իշխանությունը, Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի կարգավիճակները փոխվելու են։ Արցախն, անշուշտ, լինելու է հայկական ու շատ հետաքրքիր միավոր։ Հիմա դժվար փուլ է, պետք է դիմանալ։

Ինչ վերաբերում է Հայաստանի ներքաղաքական զարգացումներին, ապա նոր իրողությունները պահանջելու են նոր իշխանություն։ Ավելի հավանական է, որ լինելու է անցումային կառավարություն, որին  ընտրելու է այս ԱԺ-ն։ Եվ ավելի մեծ հավանականությամբ՝ դա լինելու է Նիկոլ Փաշինյանի խնդրանքով՝ մոտավորապես այնպես, ինչպես 2018-ին ընտրվեց ինքը։ Իսկ իրեն տրվելու է անձնական երաշխիքների փաթեթ։ Հետո կլինի նոր խորհրդարանական մեծամասնություն։ Փոփոխությունների ալիքը աշխարհում մոլեգնում է՝ իր ռիսկերով ու հնարավորություններով հանդերձ։ Հայաստանն անմասն չի մնալու։

Մեծ փոփոխությունների փուլում շատ կարևոր է մնալ մարդ, պահպանել մարդկային որակները և չկորցնել ադեկվատությունը։ Օրինակ՝ ՔՊ առավել վատահամբավ պատգամավորները ճիշտ կանեն՝ վերանայեն իրենց պահվածքը։ Ընդդիմախոսներին քացի տալը, վիրավորելը սեփական շահից ելնելով պետք է մոռանալ։ Նույնը վերաբերում է դատաիրավական համակարգին՝ ապօրինությունների էնտուզիազմը մեղմել։

Իսկ հանրային նոր առողջ շերտը պետք է արագ կազմակերպվի, որպեսզի երկիրը փոփոխությունների արդյունքում առաջ գնա, և ոչ՝ հետ։ Երկուսի հավանականությունն էլ այս փուլում բարձր է»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ