Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը և ՀՀ ԱԱԾ պետ Արմեն Աբազյանը 4 օր առաջ այցելել են Շուշի։
Oragir.news-ի տեղեկություններով, Հայաստանի ու Արցախի պաշտոնյաների այցը պայմանավորված է եղել Արցախի գազամատակարարման դադարեցմամբ, և որոշվել է ադրբեջանցիների հետ դեմ առ դեմ բանակցություններ կազմակերպել։ Ըստ մեր աղբյուրի փոխանցման՝ հանդիպումն անցել է ընթրիքի սեղանի շուրջ ջերմ մթնոլորտում։
Ադրբեջանցիները խոստացել են վերականգնել գազամատակարարումը՝ Քարագլուխ բարձունքի հանձնման դիմաց՝ դա բացատրելով նրանով, որ բարձունքից տեսանելի է Աղդամի այն հատվածը, որտեղ իրենք պատրաստվում են լայնածավալ շինարարություն իրականացնել։
Արայիկ Հարությունյանը և Արմեն Աբազյանը համաձայնել են ադրբեջանական առաջարկին, սակայն պայմանը եղել է այն, որ դա պետք է արվի մարտական դիրքերի հայելային հետքաշման անվան տակ։ Այս հանդիպումից մեկ օր անց ադրբեջանցիները գրավել են Փառուխ գյուղը և Քարագլուխ բարձունքը։
Հիշեցնենք, որ այսօր հայտնի դարձավ, որ հակառակորդն արդեն հեռացել է գյուղից և բարձունքի մի մասից։ Քարագլուխ բարձունքի մի մասը շարունակվում է վերահսկվել ադրբեջանական ԶՈւ-ի կողմից։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը