Շտապ գրություն եմ ուղարկել Հայաստանում ԱՄՆ և Ֆրանսիայի դեսպաններին՝ նրանց ուշադրությունը հրավիրելով այն փաստի վրա, որ Ադրբեջանը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները կոպտորեն խախտում է, որին ինքս ականատես եմ եղել Արցախում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:
«Դեսպաններին մասնավորապես ներկայացրել եմ, որ մարտի 24-ից ադրբեջանական զինված ուժերը ներխուժել են Ասկերանի շրջանի Փառուխ համայնք, գրավել բնակավայրը և վերահսկողության տակ վերցրել հարակից դիրքերը, փորձել առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում, որի արդյունքում՝
- հրադադարի ռեժիմը խախտվել է՝ Ադրբեջանի կողմից կիրառվելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում նաև «Bayraktar TB-2» տիպի:
- ռուսական խաղաղապահ զորակազմին հաջողվել է դադարեցնել ադրբեջանական զինված ուժերի առաջխաղացումը, սակայն ադրբեջանական ուժերը չեն վերադարձվել իրենց ելման դիրքեր,
- Զոհվել են ՊԲ 3 պայմանագրային զինծառայողներ, 14 անձինք ստացել են տարբեր աստիճանի վիրավորումներ,
- Ոտնահարվել է Փառուխ գյուղի բնակիչների կյանքի իրավունքը, մարդիկ զրկվել են իրենց հայրենիքում խաղաղ կյանք վարելու, անվտանգ ապրելու իրենց իրավունքից, ավելին՝ ունենք բռնի տեղահանված նոր խաղաղ բնակիչներ։
Հիմք ընդունելով վերոնշյալը՝ խնդրել եմ որպես Հայաստանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանների՝ հասցեական հրապարակային գնահատական տալ և դատապարտել Ադրբեջանի այս հանցավոր գործողությունները, միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումները։ Միաժամանակ ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները՝ կանխելու Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը, Արցախում իրականացվող էթնիկ զտումները։ Արցախում մարդիկ ցանկանում են խաղաղ կյանք վարել, հրապարակային ձայնը կօգնի, որ որ նոր ջարդ ու ցեղասպանություն չլինի։
Հ․Գ․ լուսանկարն արված է մարտի 24-ին Քարագլուխ բարձունքի ֆոնին, որի համար քանի օր է պայքարում է թշնամին»,- գրել է նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը