22 03 2022

«Ինքնավաճառություն»՝ կոկորդիլոսագետ Գարիկի համար․ ֆեյքաբուծարան՝ Վեդիում. Yerkir.am

«Ինքնավաճառություն»՝ կոկորդիլոսագետ Գարիկի համար․ ֆեյքաբուծարան՝ Վեդիում. Yerkir.am

Yerkir.am-ը գրում է.

Վեդիում մարտի 27-ին ՏԻՄ համամասնական ընտրակարգով անցկացվելիք ընտրությունների քարոզարշավի ընթացքում ՔՊ-ականները շրիշակից ցածր մակարդակի ընտրախախտումներ են անում։ «Կոկորդիլոսագետ» Գարիկ Սարգսյանը կոկորդիլոսաբուծության անհաջող փորձերից հետո Վեդիում ֆեյքաբուծարան է հիմնել՝  տարբեր սորտի ՔՊ-ականներով, որոնք ձայներ հավաքելու համար «օգտագործում» են հանրությանը ինչ-որ չափով հայտնի, անուն ունեցող տարբեր անձանց, այդ թվում՝ նաեւ բիզնեսմենների։

Այսպես՝ Վեդիում փակցրել են ընտրական ցուցակում չգրանցված Հայկ Մելքոնյանի, Բագրատ Շահինյանի, Արթուր Աղաջանյանի, Արամ Շիրինյանի լուսանկարները՝ խաբկանք ստեղծելով եւ շփոթության մեջ գցելով ընտրողներին: Ամենազավեշտալին այն է, որ ֆեյք թեկնածուներով այս խեղկատակությանը մասնակից է դարձել նաեւ Կադաստրի պետական կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանը։ Նա չկա ՔՊ-ի նախընտրական ցուցակում, բայց նրա պաստառը փակցված է Փոքր Վեդիում։

Վեդիում ընտրություններին մասնակցող «Իմ հզոր համայնքի»֊ի ցուցակում ընդգրկված Սեւակ Աղաբեկյանը Yerkir.am-ի հետ զրույցում ասաց, որ նման պաստառներ կան նաեւ մյուս համայնքներում՝ Այգավանում, Փոքր Վեդիում, եւ այլն։ ՔՊ-ի ընտրախախտումներից Աղաբեկյանը ներկայացրեց եւս մեկը։ Պարզվում է՝ Գարիկ Սարգսյանի համար ծովը ծնկներից է՝ ինքն իրեն որոշակի արտոնություններ է տվել։

«Գարիկ Սարգսյանը թույլ է տվել անվճար քարոզարշավ իրականացնել մշակույթի տներում, բայց ինքն անում է դպրոցների դահլիճներում։ Սա ինչպե՞ս հասկանանք։ Անվճար քարոզչություն անելու համար հատկացրել է հատուկ տարածքներ, բայց ինքն իրեն լիազորել է կազմակերպել իր քարոզչությունը դպրոցներում»,- հայտնեց զրուցակիցս։

Հաջորդիվ կներկայացնենք զեղծարարությամբ զբաղվող անձանց հետ Yerkir.am-ի հարցազրույցը։ Նրանք մեկնաբանել են, թե ինչու են որոշել խաբել ընտրողներին։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ