ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը ընդունել է Եվրոպական Խորհրդարանի՝ Հարավային Կովկասի երկրների հետ պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդին և Եվրոպական Խորհրդարանի պատգամավոր Յոազես Օլեկասին։
Հանդիպմանը մասնակցել են ՀՅԴ անդամներ, ՀՀ ԱԺ պատգամավորներ Արծվիկ Մինասյանը, Արթուր Խաչատրյանը, Քրիստինե Վարդանյանը, ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի Կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանը:
Իշխան Սաղաթելյանը ներկայացրել է ՀՅԴ դիրքորոշումները Ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ նկատելով, որ հիմնախնդիրը լուծված չէ և վերջնական լուծումը հնարավոր է բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։
ԱԺ փոխխոսնակն անդրադարձել է նաև ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի շարունակվող ոտնձգություններին և շնորհակալություն հայտնել տիկին Կալյուրանդին՝ վերջինիս 2021 թ․ փետրվարի 21-ի համատեղ հայտարարության ու 2022 թ․ փետրվարի 22-ի ելույթի կապակցությամբ։ Տիկին Կալյուրանդն ընդգծել է հակամարտության համապարփակ կարգովորման անհրաժեշտությունը, ինչին պետք է հասնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում, հիմնված տարածքային ամբողջականության, ուժի չկիրառման և ժողովուրդների ինքնորոշման ու իրավահավասարության սկզբունքների վրա։ Եվրոպացի գործընկերները վերահաստատել են իրենց կառուցողական և հավասարակշռված դիրքորոշումները։
ՀՅԴ ներկայացուցիչները մտահոգություն են հայտնել Հայաստանում արձանագրվող ժողովրդավարական հետընթացի կապակցությամբ՝ նկատելով, որ իշխանությունները հետևողական ապատեղեկատվությամբ փորձում են մոլորեցնել եվրոպացի գործընկերներին։
Առանձնահատուկ քննարկվել է ՀՅ Դաշնակցության և Եվրոպական Խորհրդարանի սոցիալ-դեմոկրատական (S&D) քաղաքական խմբի հետ հարաբերությունների որակական զարգացման ուղղությամբ հետագա քայլերի և գործողությունների իրականացումը:
ՀՅ Դաշնակցությանը հայկական միակ կուսակցությունն է, որն իբրև դիտորդ անդամակցում է Եվրոպայի սոցիալիստների կուսակցությանը (PES)։ ՀՅԴ ներկայացուցիչներն անդրադարձել են ՀՅԴ խորհրդարանական խմբակցության և Եվրոպական Խորհրդարանի սոցիալ-դեմոկրատական քաղաքական խմբի հետ նախկինում առկա համագործակցության հուշագրին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը