Մայիսի 14-ին կայացել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հեռախոսազրույցը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ։
Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։
Վաղարշակ Հարությունյանը մանրամասն ներկայացրել է ադրբեջանական սադրանքի արդյունքում Սյունիքում ստեղծված իրադրությունը և հայկական կողմի ձեռնարկած գործողությունները։ Շեշտելով իրադրության խաղաղ հանգուցալուծման կարևորությունը, միևնույն ժամանակ, Վաղարշակ Հարությունյանն անթույլատրելի է համարել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների նկատմամբ այսօրինակ սադրանքները, նշելով, որ դրանք էապես վտանգում են առանց այն էլ փխրուն խաղաղությունը՝ սպառնալիք հանդիսանալով նաև տարածաշրջանային անվտանգությանը։ ՀՀ պաշտպանության նախարարը նաև տեղեկացրել է, որ Հայաստանի Հանրապետությունը, ստեղծված իրադրության առնչությամբ պաշտնապես դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը