02 02 2021

Պապիկյանը ներկայացրել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նորանշանակ նախագահին

Պապիկյանը ներկայացրել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նորանշանակ նախագահին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր աշխատակազմին է ներկայացրել ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի նորանշանակ նախագահ Գարիկ Սարգսյանին։

Նախարարը շնորհակալություն է հայտնել նախկին նախագահ Նարեկ Բաբայանին՝ դժվարին փուլում պետական կառավարման այս կարևոր օղակում զգալի դերակատարում ունենալու համար և հաջողություն մաղթել նրան հետագա իր գործունեության ընթացքում։

Նախարարի գնահատմամբ վերջին տարիներին զգալի աշխատանք է տարվել համակարգը բարեփոխելու ուղղությամբ, և առաջիկայում ևս անելիքները շատ են այդ բարեփոխումների շարունակականությունն ապահովելու, հատկապես քաղաքացիների համար ոլորտի թափանցիկությունն ու գույքի հասանելիության մասին իրազեկվածությունը բարձրացնելու ուղղությամբ։

Շնորհավորելով Գարիկ Սարգսյանին պաշտոնի ստանձնման կապակցությամբ՝ նախարարը հույս է հայտնել, որ վերջինս աշխատակազմի հետ համատեղ, կկարողանա նախկինում արված դրական փոփոխությունների հիման վրա նոր մոտեցումներով ոլորտի կառավարման նոր սկիզբ դնել։

Կոմիտեի նորանշանակ նախագահը, շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին և կառավարությանը վստահության համար, հավաստիացրել, որ աշխատակազմի հետ համատեղ աշխատանքով արվելու է առավելագույնը՝ նախանշված նպատակներին հասնելու համար։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ