02 11 2020

Մարտունու ուղղությությամբ 1-2 դիրք հակառակորդին հաջողվել է գրավել. Արծրուն Հովհաննիսյան



Դեռ անցնող ողջ գիշերվա ընթացքում Արցախի հյուսիսարևմտյան սահմանագոտու ողջ երկայնքով Ադրբեջանի ԶՈՒ-երը ձեռնարկել են լայնածավալ հարձակման մի քանի փորձեր, որոնք բոլորը տապալվել են։ Մեկ վաշտ, մեկ դասակ  և այլ ուժերի կազմով նախաձեռնած հարձակումները տապալվել են, հետ են մղվել։ Որոշ ստորաբաժանումներ, մնալով ծուղակում, մինչև վերջ հրետանային կրակով ջախջախվել են։ Այս մասին ասուլիսին նշեց Արծրուն Հովհաննիսյանը։

Վաղ առավոտյան՝ ժամը 7-ից սկսած, սահմանագոտու այլ հատվածներում՝ հյուսիսում՝ Մարտակերտի ուղղությամբ, կենտրոնում՝ Մարտունու ուղղությամբ, հարավում՝ տարբեր ուղղություններով, հարձակման մի քանի փորձեր են ձեռնարկել։ Այսօրվա հարձակումները իրենց սաստկությամբ, ուժգնությամբ տարբերվում են նախորդ օրերի հարձակումներից։ 

Բոլոր ուղղություններում թշնամու հարձակման փորձերը տապալվել են, որոշ տեղերում հետ են շպրտվել նույնիսկ հետապնդման հնարավորությունով։ Մեր ստորաբաժանումներին հաջողվել է հետապնդել և որոշակի դիրքային փոփոխություններ ունենալ։ Սակայն, Մարտունու ուղղությամբ թշնամուն հաջողվել է վերցնել մեկ երկու դիրք․ Մարտունիից հարավ՝ Ճարտարի ուղղությամբ։ 

Այս պահին մարտերը շարունակվում են։ Ընդհանուր առմամբ, այսօրվա ողջ հարձակողական ուղղությունները, որոնք 3-4 ուղղություններով են եղել, տապալված են։ Կիրառվել են հիմնականում վաշտի, գումարտակի չափի ստորաբաժանումներ։ Ակտիվորեն կիրառվել է ավիացիա, մի քանի բնակավայրեր ռմբակոծվել են։

Ընդհանուր առմամբ, իրավիճակը վերահսկելի է։ Հակառակորդի շարժերը, վերախմբավորումները նկատվում են և հիմնականում հրետանու կրակով խոցվում են։

Տեղեր կան մեր դիրքերի առջև, որ արդեն 20 և ավելի օրեր Ադրբեջանի ԶՈՒ-ի, վարձկանների, միգուցե այլ պետությունների զինծառայողների, ահաբեկիչների դիեր այդպես էլ մնում են բաց երկնքի տակ և առաջացնում են լուրջ խնդիրներ։ Փորձում ենք այդ խնդիրը լուծել, որ համաճարակ չառաջանա, բայց դիակները այդպես մնում են։

Այսօր էլ Հադրութի տարածաշրջանի գյուղերից մեկի հատվածում մեր դիրքերի ուղղությամբ իրենց (Ադրբեջանի - խմբ․) բավական մեծաքանակ զորքերի գրոհը հետ մղելիս նորից իրենք մեր դիրքերի դիմաց թողել են մոտ 15-16 դիակ ու փախել են ու բացարձակապես մոտիկ չեն եկել, դիակները չեն տարել։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ